Վենեսուելայի բանտում հրաձգության հետևանքով 25 մարդ է զոհվել
Վենեսուելայի բանտում վեճը վերածվել է հրաձգության, ինչի հետևանքով զոհվել է 25 մարդ: Այդ մասին հայտարարել է բանտերի հարցերով նախարար Իրիս Վարելան:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ևս 43 մարդ վիրավորվել է:
«Կարծես թե վիճաբանության պատճառը եղել է պատահական կրակոցը, որն արձակել է հակամարտող խմբավորումներից մեկի առաջնորդը: Դրանից հետո իրադարձությունները զարգացել են «փրկվիր, թե կարող ես» սցենարով»,-ասել է նախարարը:
Զոհվածների մեջ դատապարտյալների 14 հարազատներ կան, ովքեր այդ ընթացքում գտնվել են բանտում:
Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովի տվյալներով` Վենեսուելայի գերբեռնված բանտերում անցյալ տարի բողոքի ակցիաների և ներքին բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 500 մարդ: Այս տարվա առաջին կիսամյակում երկրում զոհվել է 300 դատապարտյալներ:
Վենեսուելայի ` 14.000 մարդու համար նախատեսված բանտերում այժմ գտնվում են ավելի քան 55 հազար դատապարտյալներ:










