Հայտնի է դարձել մարզիկների համար ամենաօգտակար ըմպելիքը
Կոկոսի պտղի ջուրը, որ պարունակում են թարմ կանաչ կոկոսները, իրավամբ համարվում է ամենալավը` մարզիկներին անհրաժեշտ ըմպելիքների շարքում, նշել են Ինդիանայի համալսարանի գիտնականները՝ ելույթ ունենալավ Ամերիկյան քիմիական ընկերակցության գիտաժողովի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է Medical Xpress-ը:
Գիտնականները նշել են, սակայն, որ թեթև ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ շատ մարդիկ այս նկատառմանը թերահավատորեն են վերաբերվում և նախապատվություն են տալիս Gatorade-ի կամ Powerade-ի պես ըմպելիքների (ի դեպ, առաջինը արտադրում է Pepsi-ն, երկրորդը՝ Coca-Cola-ն):
Գիտնականները հայտնել են, որ կոկոսի հյութն առհասարակ օգտակար կարող է լինել բոլորին՝ մանավանդ ամերիկյան սննդակարգի պայմաններում, որը սրտային հիվանդությունների հարուցման լուրջ վտանգ է պարունակում: Իսկ կոկոսի ջուրը «5 անգամ ավելի շատ կալիում է պարունակում քան Gatorade-ը կամ Powerade-ը, օգնում է ազատվել ջղաձգությունից: Այս առողջ ըմպելիքը օգնում է լրացնել պարապմունքների ժամանակ օրգանիզմի կորցրած սննդարար նյութերը»:
Գիտնականները, սակայն, ըմպելիքը խորհուրդ չեն տալիս ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածություն ունեցող մարդկանց, քանի որ այդ դեպքում առկա է ուժեղ քրտնարտադրություն (ավելի շատ նատրիում են կորցնում, քան կալիում), իսկ կոկոսի ջուրը ի զորու չէ լրացնել այդ կորուստը:










