Որքան հայրը տարիքով մեծ է, այնքան շատ են երեխայի գենոմում մուտացիաները
Ուշ հղիությունը բացասաբար է ազդում պտղի առողջության վրա: Բացի այդ, որքան հայրը տարիքով մեծ է, այնքան շատ վնասակար մուտացիաներ կլինեն երեխայի գենոմում, գրում է MedDaily-ն՝ վկայակոչելով Nature ամսագրի հրապարակած հոդվածը:
Իսլանդացի գիտնականները համեմատել են հոր, մոր և նորածին երեխաների գենոմում առկա մուտացիաների քանակը՝ 78 իսլանդական ընտանիքներում: Նորածնի գենոմում նրանք հայտնաբերել են այնպիսի մուտացիաներ, որոնք ծնողների մոտ բացակայում էին: Երեխայի գենոմը պարունակել է միջինը 60 մուտացիա, որոնք բացակայել են ծնողների մոտ: Սակայն երեխաների մոտ մուտացիաների քանակը կախված է եղել հոր տարիքից: 20-ամյա հայրերը փոխանցել են երեխաներին ընդամենը 25 նոր մուտացիաներ, իսկ 40-ամյա հայրերը՝ 65: Ընդ որում մոր տարիքը ընդհանրապես չեն ազդել երեխաների գենետիկական առողջության վրա: Միջինում մայրերը փոխանցում են 15 մուտացիա:
Այսպիսով, հոր՝ 1 տարով մեծանալը երեխայի գենոմում ուղեկցվում է երկու նոր մուտացիաներով: Գիտնականները բացատրել տարիքային օրինաչափությունը նրանով, որ տղամարդկանց ծերացման համընթաց սերմնահեղուկի որակը վատթարանում է:










