Նա գրեթե անատամ է. Ինդոնեզիայում առնետի նոր տեսակ է հայտնաբերվել
Ինդոնեզիայում առնետի նոր տեսակ է հայտնաբերվել, հայտնում է Washington Post-ը՝ վկայակոչելով Biology Letters բրիտանական գիտական ամսագրի ուսումնասիրությունը:
Կրծողը եզակի է՝ գրեթե անատամ, սնվում է որդերով, չի ծամում կամ կծոտում սնունդը: Մրջնակերի նմանվող այս կենդանին երկար կնճիթանման դունչ ունի: Նա միակն է կրծողների 2200-ից ավելի հայտնի տեսակներից, որն արմատով ատամ չունի: Փոխարենը վերին կտրիչներ ունի:
Նոր կենդանատեսակը ստացել է լատինական Paucidentomys vermidax անվանումը, ինչը թարգմանվում է մոտավորապես «մի քանի ատամ ունեցող առնետ» և «որդակեր»:
Այս կենդանատեսակի 2 ներկայացուցիչներ հայտնաբերվել էին Սուլավեսի կղզու հարավային լեռներում դեռևս անցած տարի և ուսումնասիրվում էին ինդոնեզացի գիտնականների կողմից:










