Ասիացիները տառապում են ՁԻԱՀ հիշեցնող նոր խորհրդավոր հիվանդությունից

02:44 • 24.08.12

Գիտնականներ հայտնաբերել են խորհրդավոր մի հիվանդություն, որի ախտանիշները նման են ՁԻԱՀ-ի ախտանիշներին: Հիվանդության պատճառները դեռ հայտնի չեն, բայց, ըստ երևույթի, այն ոչ վարակիչ է, ոչ ժառանգական, գրում է InoPressa-ն՝ վկայակոչելով New England Journal of Medicine-ում հրապարակված հոդվածը:


Հիվանդությունը իրենից իմունային անբավարարություն է ներկայացնում. մարդը դառնում է անպաշտպան մանրէների նկատմամբ: հիվանդների միջին տարիքը 50 տարեկան է:


Հետազոտության ընթացքում պարզվել է, որ գրեթե բոլոր հիվանդները ասիացիներ են: Հոդվածում նկարագրված է կոնկրետ դեպք. վիետնամական ծագմամբ 62-ամյա մի ամերիկուհի ունեցել է կայուն բարձր ջերմաստիճան և ոսկորների վարակային բորբոքում, գլխացավ և գլխապտույտ: Կինը նաև կտրուկ նիհարել է: Սկզբում բժիշկները կարծել էին, որ կինը տուբերկուլյոզ ունի:


Գիտնականները եզրակացրել են, որ հիվանդների օրգանիզմը արտադրում է հակամարմիններ, որոնք արգելափակում են ինտերֆերոն-գամմա նյութը, ինչը օգնում է պայքարել վարակի դեմ: Մասնագետները ենթադրում են, որ հիվանդությունը պայմանավորված է գենետիկ գործոններով և միջավայրի որոշակի ազդեցությամբ, հնարավոր է՝ մանրէներով կամ վիրուսներով:
 

Ասիացիները տառապում են ՁԻԱՀ հիշեցնող նոր խորհրդավոր հիվանդությունից