Apple-ի հաղթանակը Samsung-ի նկատմամբ կկրճատի նորույթների թիվը շուկայում. փորձագետներ

12:29 • 26.08.12

Apple ընկերությունը տոնում է իր հաղթանակը հարավկորեական Samsung ընկերության նկատմամբ, որը Սիլիկոնյան հովտի մասնագետները համարում են «դարի հաղթանակ»: Հիշեցնենք, որ ամերիկյան դատարանի որոշմամբ Apple-ը 1,05 մլրդ դոլարի փոխհատուցում կստանա հարավկորեական ընկերությունից` վերջինիս կողմից իր մի շարք սմարթֆոնների և պլանշետային համակարգիչների արտաքին դիզայնը կրկնօրինակելու համար:

 
««Խնձորային հսկայի» համար եկել է «ամենաքաղցր» ժամանակաշրջանը»,- կարծիք է հայտնել տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Քեն Դյուլանին: Ըստ նրա`  այս որոշմամբ Apple-ն ամրապնդվեց ինովացիոն ոլորտի առաջին հորիզոնականում:

 

Այժմ, vz.ru-ի փոխանցմամբ, Apple-ի և Android օպերացիոն համակարգն օգտագործող Samsung-ի արտադրանքի սիրահարներին այլ հարց է հուզում` ի՞նչ է նշանակում դատարանի վճիռն ընդհանրապես և գնորդների համար մասնավորապես: Սիլիկոնյան հովտում կարծում են, որ մոտ ապագայում գնորդներին սպասվում է նորույթների փոքր ընտրություն և նաև գների մի փոքր աճ:

«Օրինակ` Android պլատֆորմով աշխատող ընկերություններն արդեն չեն կարող արտադրել այդքան մեծ թվով սարքավորումներ, որը կարող էին թույլ տալ 2010-2012թթ.-ին»,- ասել է մասնագետը:

Բացի այդ, փորձագետները կարծում են, որ «հաղթանակի համը զգացած Apple-ը» կարող է այլ ընկերությունների նկատմամբ նույնպես հայցեր ներկայացնել, որոնք նույնպես Android են օգտագործում: