Curiosity-ն Մարսի ժամանակը չափում է հայ ժամագործի ստեղծած ժամացույցով (լուսանկարներ)

13:58 • 27.08.12

Ամերիկահայ ժամագործ Կարո Անսերլյանը հեղինակել է Մարսի ժամացույցը՝ Մարս մոլորակում ժամանակը ցույց տվող ամենաճշգրիտ սարքը, տեղեկացնում է Aztag Arabic-ը:

 

Լրատվամիջոցը հայտնում է, որ նա ԱՄՆ-ի Տիեզերագնացության գործակալության՝ ՆԱՍԱ-ի Curiosity նախագծի անդամներից է համարվում:

 

Curiosity մարսագնացը, ըստ այդմ, Մարս մոլորակում ժամանակը չափելու համար օգտագործում է Անսերլյանի պատրաստած ժամացույցը, որն առավելագույն ճշգրտություն ունի՝ Կարմիր մոլորակում ժամանակային առանձնահատկությունների նկատառումով:

 

Մարսում, Երկիր մոլորակի չափանիշներով, օրը բաղկացած է 24 ժամ 39 րոպե 35 վայրկյանից, ինչը 2,7 տոկոսով երկար է երկրային ժամանակից:

 

Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ շվեյցարացի ժամագործները հայտարարել են, թե անհնար է Մարսի ճշգրիտ ժամացույց ստեղծել, ինչից հետո ՆԱՍԱ-ն դիմել է Անսերլյանին: Վերջինս աշխատում է Կալիֆորնիայի Մոնտրոս քաղաքում, ղեկավարում է Executive Jewelers ընկերությունը:

Անսերլյանը «մարսյան» ժամացույցների ստեղծման ուղղությամբ աշխատում է 2004-ից: Ժամացույցի ստեղծման վրա նա ծախսել է 2 ամիս ժամանակ: Մինչ օրս վաճառվել է ժամացույցի մոտ 1000 նմուշ, իսկ արժեքը 295 դոլար է:

 

Անսերլյանի ժամացույցները օգտագործվել են նաև 2004-ին Opportunity մարսագնացի վրա:

 

Armenian Weekly-ն հաշվել է առնվազն 16 հայազգի գործիչների, որոնք աշխատում են ՆԱՍԱ-ի` Մարսի հետազոտության ծրագրում, որի մաս է կազմում Curiosity նախագիծը:

Curiosity-ն Մարսի ժամանակը չափում է հայ ժամագործի ստեղծած ժամացույցով (լուսանկարներ)