Apple-ը պահանջում է դադարեցնել Samsung-ի 8 մոդելների վաճառքն ԱՄՆ-ում

12:13 • 28.08.12

Ամերիկյան դատարանում հարավկորեական Samsung ընկերության նկատմամբ վերջերս տարած լիակատար հաղթանակից հետո, Apple ընկերությունը կրկին հայց է ներկայացրել դատարան` այս անգամ պահանջելով արգելել Միացյալ Նահանգներում Samsung-ի 8 սմարթֆոնների վաճառքը, հայտնում է Bloomberg-ը:

Ըստ գործակալության`«խնձորային» ընկերության հայցը հիմնված է հարավկորեական ընկերության կողմից Apple-ի արտոնագրերն ապօրինի օգտագործելն արգելող դատարանի վճռի վրա:  Խոսքը, մասնավորապես, Samsung ընկերության Galaxy և Droid սմարթֆոնների տարբեր մոդելների, այդ թվում` Galaxy S2-ի և Droid Charge-ի մասին է:
Ուշագրավ է, որ հանրահայտ Galaxy S III-ը ցանկում ներառված չէ:


 

Դատարանն այս հայցը կարող է քննել սեպտեմբերի 20-ին: Samsung-ն, ամենայն հավանականությամբ, կխնդրի դատարանին հետաձգել լսումները` մինչ Apple-ի արտոնագրերի խախտման գործի բողոքարկման ավարտը:


Երկուշաբթի օրվա տվյալներով` Apple-ի բաժնետոմսերն ավելացել են 1.9%-ով` հասնելով 675.68 դոլարի: Հակառակ Apple-ի գրանցած աճի, Samsung ընկերությունը 7.5 տոկոս գնային անկում է գրանցել:


Հիշեցնենք, որ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Խոսեի դաշնային դատարանն ուրբաթ պարտավորեցրել էր Samsung ընկերությանը 1.05 մլրդ դոլար տուգանք վճարել Apple ընկերությանը` վերջինիս արտոնագրերն ապօրինի օգտագործելու համար:
 

Apple-ը պահանջում է դադարեցնել Samsung-ի 8 մոդելների վաճառքն ԱՄՆ-ում