Նոբելյան մրցանակակիրները դասախոսություններ կկարդան Երևանում

10:53 • 28.08.12

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն իրականացնում են «Նոբելյան մրցանակակիրների հանրային դասախոսություններ Երևանում» ծրագիրը։


Ըստ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության՝ ծրագրի շրջանակներում նոյեմբերի 2-6-ը Երևանում դասախոսություններ կկարդան անվանի գիտնականներ՝ «Ֆիզիոլոգիա և բժշկություն» անվանակարգում բրիտանացի Նոբելյան մրցանակակիր, ասպետ Թիմ Հանթը և «Քիմիա» անվանակարգում Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարտին Չալֆին:

 

Երկու գիտնականների գիտական գործունեությունն առնչվում է մարդկության չարիք դարձած քաղցկեղ հիվանդության առաջացման դրդապատճառներին:

 

Դասախոսությունները հիմնականում ուղղված են կենսաբժշկության, մոլեկուլային կենսաբանության և հարակից ոլորտներում ներգրավված երիտասարդ գիտնականներին և ուսանողներին:



«Նոբելյան մրցանակակիրների դասախոսությունների կազմակերպման նպատակը ժամանակակից կենսաբժշկության և մոլեկուլային կենսաբանության նվաճումների ու խնդիրների ասպարեզում երիտասարդ գիտնականների տեղեկացվածության մակարդակը բարձրացնելն է, նրանց հնարավորություն տալ շփվել աշխարհահռչակ գիտնականների հետ։ Բացի այդ, ծրագրի միջոցով միջազգային գիտական հանրությանը կներկայացվի ՀՀ գիտական ներուժը, և բարձրացվի վերջինիս մրցունակությունը»,– ասվում է հաղորդագրությունում։

 

Նոբելյան մրցանակակիրները դասախոսություններ կկարդան Երևանում