Աուտիզմը և հայտնիները. Inosmi.ru
Ապրիլի 2-ը Աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օրն է (2008թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշման համաձայն): Աուտիզմը նյարդաբանական խանգարում է, որը հիմնականում ի հայտ է գալիս երեխաների կյանքի առաջին երեք տարիների ընթացքում, ազդում է ուղեղի բնականոն աշխատանքի վրա և խոչընդոտում հաղորդակցման հմտությունների զարգացումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում ներկայում մոտ 67 միլիոն մարդ աուտիզմ ունի: Աուտիզմի մասին իրազեկման միջազգային օրվա կապակցությամբ ռուսական Inosmi.ru կայքը «ուսումնասիրություն է անցկացրել» ու փորձել է պարզել (մամուլում հրապարակված տեղեկությունների հիման վրա), թե որ հայտնի մարդկանց երեխաներն աուտիզմ ունեն:

2009թ. մահացավ ամերիկացի հայտնի դերասան Ջոն Տրավոլտայի որդին. 16-ամյա Ջեթը գլխապտույտ էր ունեցել, ընկել ու գլուխը հարվածել էր սանհանգույցին...: Դժբախտ դեպքից հետո դերասանը լրատվամիջոցների հետ զրույցում պատմել էր, որ իր որդին աուտիզմ ուներ....:

Աուտիզմ ունի նաև հոլիվուդյան հայտնի դերասան Սիլվեստր Ստալոնեի որդին՝ 33-ամյա Սերջիոն: Ամերիկացի դերասանի կինն այդ մասին հայտնել էր դեռ 1985թ-ին, ամերիկյան People ամսագրի հետ զրույցում: Դրանից հետո դերասանը լրատվամիջոցների հետ զրույցում պարբերաբար անդրադարձել է որդու հիվանդությանը՝ նշելով, որ նա հիանալի նկարում է և փայլուն հիշողություն ունի:

Ամերիկացի դերասանուհի և ֆոտոմոդել Ջենի Մաքքարթին Jenny McCarthy’s Autism կազմակերպության հիմնադիրն է: Դերասանուհին որոշեց հիմնել Jenny McCarthy’s Autism բարեգործակական ընկերությունը, երբ իմացավ, որ իր որդին աուտիզմ ունի: Դերասանուհին ասում է, որ իր 9-ամյա որդին ապրում է լիարժեք կյանքով: «Նա պարբերաբար թերապիաներ է անցնում, դրանց մի մասն օգնում է, մի մասը՝ ոչ, բայց երբ ինչ-որ բան չի ստացվում, ես չեմ հուսահատվում և «կանգ չեմ առնում», շարունակում եմ պայքարել»,-հարցազրույցներում ասել է դերասանուհին:

Ամերիկացի հայտնի երգչուհի Թոնի Բրեքսթոնը Autism Speaks կազմակերպության պատվավոր անդամ է: Նրա 8-ամյա երեխան ևս աուտիզմ ունի: Երգչուհին հպարտորեն նշում է, որ երկարատև թերապիաների արդյունքում իր որդին այժմ հանրակրթական դպրոց է հաճախում:

Ամերիկյան «Դելֆիներ» ֆուտբոլային ակումբի նախկին ֆուտբոլիստ Դեն Մարինոյի որդին 21 տարեկան է: 19 տարի առաջ Մարինոն ու նրա կինը նկատել էին, որ իրենց երեխան ինչ-որ խնդիրներ ունի, տարբերվում է մյուս երեխաներից, դիմել էր բժիշկների օգնությանը. երկուամյա Մայքլի մոտ աուտիզմ էր ախտորոշվել...: Երիտասարդ տղան ամերիկյան լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ ինքն այժմ ապրում է բնականոն կյանքով: «Եվ դա վաղ շրջանում ախտորոշման և թերապիաների շնորհիվ»,-պատմել է Մայքլը: Դեն Մարինոն և նրա կինը ԱՄՆ-ի Մայամի քաղաքում բացել են «Դեն Մարինոյի կենտրոն» կազմակերպությունը՝ աուտիկ խանգարումներ ունեցող երեխաներին օգնելու նպատակով:
Պատմական հայտնի դեմքերին, տաղանդավոր անձանց ինչ-որ հիվանդություն, խանգարում, տարօրինակություններ վերագրելու փորձեր կատարվել են բոլոր ժամանակներում... Այսպես օրինակ, Իռլանդիայի ամենահայտնի ուսումնական հաստատություններից մեկի՝ Թրինիթի քոլեջի պրոֆեսոր Մայքլ Ֆիցժերալդը պնդում է, որ հույն փիլիսոփա Սոկրատեսը (470–399 մ.թ.ա), անգլիացի բնագետ Չառլզ Դարվինը (1809 -1882թթ.), անգլիացի ֆիզիկոս Իսահակ Նյուտոնը (1643-1727թթ.) աուտիզմ են ունեցել: Պրոֆեսորը նման եզրահանգման է եկել՝ ուսումնասիրելով նրանց կենսագրական տվյալները, կյանքն ու գործունեությունը:

Հայտնի ֆիզիկոս, մաթեմատիկոս, Հարաբերականության տեսության հիմնադիր, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալբերտ Էյնշտեյնը (1879-1955թթ.) մանուկ հասակում շատ ինքնամփոփ եղել. մինչև 5 տարեկանը հանճարը մեկ բառ անգամ չի արտաբերել: Իսկ 5-7 տարեկան հասակում մի քանի նախադասություն է վանկարկել. Էյնշտեյնի այս «յուրահատկություններին» ամիսներ առաջ անդրադարձել է բրիտանական ԲիԲիՍի հեռուստառադիոկորպորացիան՝ կարծիք հայտնելով, որ ֆիզիկոսը աուտիզմ է ունեցել:










