Facebook-ի եկամուտը բջջային գովազդից կկազմի մոտ 1 մլրդ դոլար
Աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցի՝ Facebook-ի եկամուտը բջջային գովազդից այս տարի կկազմի մոտ 1 մլրդ դոլար, տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
Նման եզրահանգման են եկել Նյու Յորքի eMarketer ընկերության հետազոտողները, որը մասնագիտացած է ինտերնետային գովազդի շուկայի ուսումնասիրության գործում։
Ընկերության տվյալներով՝ այս տարի բջջային գովազդը Facebook-ին կբերի 965 մլն դոլար, ինչը 2.5 անգամ ավելի է 2012թ.-ի համեմատ։ Այդ ժամանակ սոցցանցն առաջին անգամ բացահայտել էր բջջային գովազդի եկամուտը՝ տեղեկացնելով, որ այն կազմել է 391 մլն դոլար։
Վերլուծաբանները հիշեցնում են, որ Facebook-ն այսօր Մելնո-պարկի իր շտաբ-բնակարանում մամուլի ասուլիս է կազմակերպել, որի թեման գաղտնի է պահվում։ Չի բացառում, որ այդ ընթացքում կարող է ներկայացվել HTC-ի հետ համատեղ ստեղծված սմարթֆոնը։
«Ակնհայտ է, որ Facebook-ին ձեռնտու է նման հեռախոսի ստեղծումն ու ավելի մեծ ներգրավվածությունը բջջայինների օպերացիոն համակարգերին։ Արդյունքում որքան շատ մարդիկ օգտվեն սոցցանցից, կարևոր չէ՝ ինչ սարքով, այնքան ավելի լավ»,-նշել է eMarketer ընկերության փոխտնօրեն Կլարկ Ֆրեդրիկսենը։










