Facebook-ի օգտատերերի աճի ցուցանիշով Հայաստանն աշխարհում 4-րդն է, բնակչության ներգրավվածությամբ՝ ԱՊՀ-ում 1-ինը. Socialbakers

08:47 • 04.04.13

Սոցիալական մեդիայի բնագավառում վիճակագրական տվյալների և վերլուծությունների հրապարակմամբ հայտնի Socialbakers.com կայքը թարմացրել է Facebook-ի օգտատերերի քանակի վերաբերյալ վիճակագրական տվյալները ըստ երկրների, այդ թվում և` ըստ Հայաստանի:


Հայաստանում Facebook-ը գնալով ավելի մեծ կիրառություն է գտնում, և այստեղ արձանագրվող աճը բարձր է համաշխարհային միջինից: Բայց արդյո՞ք դա լավ ազդակ է, թե ոչ, դիտարկման կարիք ունի, հատկապես, եթե նկատի ունենանք, որ ընդհանուր առմամբ, Facebook-ի կիրառությունն աշխարհում անկում է ապրում, իսկ Facebook-ի «հայրենիք» ԱՄՆ-ում՝ բավական ընդգծված ձևով:


Նախ դիտարկենք, թե որոնք են ապրիլի 3-ի դրությամբ աշխարհի առաջատար երկրներն ըստ Facebook-ի օգտատերերի բացարձակ ցուցանիշի: Առաջատարը ԱՄՆ-ն է՝ 163 մլն ցուցանիշով: Նրան հետևում է Բրազիլիան՝ շուրջ 100 մլն տարբերությամբ՝ 66.5 մլն, ապա՝ Հնդկաստան՝ 63 մլն-ով: Facebook-ի օգտատերերի ամենացածր ցուցանիշն արձանագրված է Վատիկանում՝ 20 հոգի:
Հայաստանն այս աղյուսակում զբաղեցնում է 112-րդ հորիզոնականը՝ 416 հազ. Օգտատերերի ցուցանիշով: ԱՊՀ երկրներից այս ցուցանիշով առաջատարը Ռուսաստանն է՝ 7.5 մլն՝ շնորհիվ մեծ բնակչության:


Եթե դիտարկելու լինենք Facebook-ի օգտատերերի քանակի փոփոխությունը վերջին 3 ամիսների ընթացքում ըստ երկրների, ապա կնկատենք, որ աշխարհում ամենաբարձր ցուցանիշը ապահովել է Ջիբութուն՝ արձանագրելով Facebook-ի օգտատերերի ավելի քան 50%-անոց աճ: Նկատենք, սակայն, որ, ընդհանուր առմամբ մոնիտորինգի ենթարկվող 212 երկրներից միայն 91-ի մոտ է աճ արձանագրվել, ընդամենը երեք երկրում տվյալները մնացել են անփոփոխ, իսկ երկրների մեծ մասում նկատվել է նվազում: Ամենամեծ նվազումն արձանագրել է Ճապոնիան՝ 30.3%: Հատկանշական է, որ նվազում է արձանագրվել նաև Facebook-ի օգտատերերի ամենամեծ բանակն ունեցող ԱՄՆ-ում՝ 2.25%:


Հայաստանում Facebook-ի օգտատերերի քանակն աճել է 40.950-ով կամ 9.9%-ով` հասնելով 416.5 հազարի: Աճի ցուցանիշով Հայաստանը հայտնվել է ամենաարագ աճ ցուցաբերած երկրների շարքում 3-րդ տեղում: Այս ցուցանիշով Հայաստանին հետևում է Ադրբեջանը՝ 8.86% աճի ցուցանիշով։


ԱՊՀ երկրներից 10-յակում տեղ է զբաղեցրել նաև Տաջիկստանը (9-րդ տեղ, 6.37% աճ), թեև վերջինում Facebook-ում բնակչության ներգրավվածության ցուցանիշը շատ ցածր է՝ շուրջ 0.5%:


Ի դեպ, նկատենք, որ ամենաարագ աճ արձանագրած երկրները հիմնականում զարգացող երկրներ են, որտեղ Facebook-ը այդքան էլ մեծ մասսայականություն չունի և «ազատ դաշտը» դեռ շատ է:


Կարևոր ցուցանիշ է համարվում նաև Facebook-ում բնակչության ներգրավվածության ցուցանիշը՝ Facebook-ի օգտատերեր/բնակչություն հարաբերակցությունը: Այս առումով հետաքրքիր է արձանագրել, որ ամենամեծ ցուցանիշը, որ պատկանում է Մոնակոյին, գերազանցում է 100%-ը: Առաջին հայացքից թյուրիմացություն թվացող այս ցուցանիշը, թերևս, բացատրվում է Facebook-ում ներգրավվածության բավական բարձր մակարդակին զուգահեռ առկա «կեղծ հաշիվների» կամ, ինչպես ընդունված է ասել, «ֆեյքերի» որոշակի քանակով: Մոնակոից հետո ամենամեծ ներգրավվածության ցուցանիշը գրանցված է Քաթարում՝ 78.66%: Բավական հատկանշական է նաև այս ցուցանիշով աղյուսակի վերջին հորիզոնականում Չինաստանի գտնվելը՝ 0.04% ցուցանիշով, ինչը պայմանավորված է այս երկրում պետական մակարդակով Facebook-ի հանդեպ ունեցած դիրքորոշմամբ։


Հայաստանը այս աղյուսակում աշխարհի մակարդակով բավական թույլ դիրքերում է՝ ընդամենը 130-րդն է: Այնուամենայնիվ, եթե դիտարկելու լինենք ԱՊՀ տարածաշրջանը, հաշվի առնելով նաև, որ Վրաստանն այդ կառույցի մաս չի կազմում, ապա Հայաստանն առաջատար դիրք կունենա: Հայաստանին հետևում է Ադրբեջանը (12.74%), ապա Մոլդովան (6.8%), Ռուսաստանը (5.3%), Ուկրաինան և Բելառուսը (5.11%): Ապա` գալիս են միջինասիական երկրները, որտեղ ներգրավվածության ցուցանիշը բավական ցածր է և մեծ մասամբ չի գերազանցում անգամ 1%-ը:


Նշենք նաև, որ ըստ Socialbakers-ի տվյալների Հայաստանում սեռային բաշխվածությունը Facebook-ում 50/50 է։ Իսկ տարիքային բաշխվածությունն այսպիսինն է. 18-24 տարեկան՝ 35%, 25-34 տարեկան՝ 29%, 35-44 տարեկան՝ 11%, 16-17 տարեկան՝ 9%, 13-15 տարեկան՝ 8%, 45-54 տարեկան՝ 5%, 55-64 տարեկան՝ 2%, 65-100 տարեկան՝ 1%։

Facebook-ի օգտատերերի աճի ցուցանիշով Հայաստանն աշխարհում 4-րդն է, բնակչության ներգրավվածությամբ՝ ԱՊՀ-ում 1-ինը. Socialbakers