Մարդը կարողացել է մտքի ուժով շարժել առնետի պոչը

23:33 • 04.04.13

Նեյրոկենսաբաններն արդեն երկար ժամանակ փորձում են նոր հարթություն տեղափոխել մարդու ուղեղի հետազոտությունները: Գիտնականները ցանկանում են պարզել՝ արդյո՞ք հնարավոր է մտքի ուժով ազդել իրական օբյեկտների և իրադարձություններ վրա, գրում է Вести.ru-ն:


Պատասխան ստանալու համար գիտնականներն արդեն մի քանի փորձ են կատարել: Օրինակ 2008 թվականին կապիկը ղեկավարում էր ռոբոտների վերջույթները, որոնք գտնվում էին ուրիշ մայրցամաքում: Իսկ 2013 թվականի մարտին գիտնականները հատուկ իմպլանտների շնորհիվ միացրել են 2 առնետների ուղեղները:


Այս անգամ Հարվարդի բժշկական դպրոցի պրոֆեսսոր Սինգ-Չիկ Յոյի խումբը ստեղծել է հատուկ համակարգ, որը մարդու ուղեղը համակարգչի միջոցով միացնում է առնետի պոչին:


Փորձի ժամանակ կամավորը հագել է էլեկտրոդներով գլխարկ, որը հետևում էր ուղեղի ակտիվությանը: Որոշ ժամանակ անց կամավորին խնդրել են կենտրոնանալ առնետի պոչի վրա՝ պատկերացնելով, թե ինչպես է այն շարժվում:


Ուղեղի այս ազդակը փոխանցվում էր համակարգչին, որն իր հերթին այն փոխանցում է հատուկ սարքին, որը ուղղված է առնետի ուղեղի շարժիչ կեղևին: Այս ազդակի շնորհիվ պոչը շարժվում է:


Կարևոր է այն, որ առնետը գտնվում էր քնաբերի ազդեցության տակ, որպեսզի ուղեղի վրա չազդեն արտաքին գրգռիչները:


Սինգ-Չիկ Յոն նշում է, որ մոտ ժամանակներս կհաջողվի նման փորձ կատարել նաև 2 մարդու վրա:


Սակայն կարծիք կա, որ մարդը կարող էր մտածել ցանկացած բանի մասին, իսկ առնետի պոչը կշարժվեր:
 

Մարդը կարողացել է մտքի ուժով շարժել առնետի պոչը