Տղամարդիկ կվերանան 5 մլն տարի անց. գործընթացն արդեն սկսվել է՝ պնդում է պրոֆեսոր Ջենի Գրեյվսը

11:34 • 04.04.13

Տղամարդիկ լիովին կպարտվեն սեռերի պատերազմում. նման հայտարարություն է արել Ավստրալիայից կին գիտնական Ջենի Գրեյվսը, հայտնում է newsru.com-ը՝ վկայակոչելով The Daily Mail-ին։

 

Նրա խոսքով՝ տղամարդը որպես տեսակ կոչնչանա 5 մլն տարի անց, քանի որ Y-քրոմոսոմը, որը պատասխանատու է տղամարդկանց գեների համար, թույլ է և գտնվում է քայքայման գործընթացում։

 

Ըստ գիտնականի՝ կնոջ X-քրոմոսոմը պարունակում է մոտ 1.000 գեն։ Ինչպես հայտնի է, կանանց մոտ կա երկու այդպիսի քրոմոսոմ (XX): Տղամարդու Y-քրոմոսոմն ի սկզբանե նույնպես այդքան գեն է ունեցել, սակայն հարյուրավոր մլն տարիների ընթացքում այն աստիճանաբար քայքայվել է՝ թողնելով ժամանակակից տղամարդուն 100 գենից էլ պակաս գեն։ Դրանցից մեկը SRY-գենն է, որը որոշում է երեխայի սեռը։

 

Գրեյվսը նշել է նաև, որ այն դեպքում, երբ կանայք ունեն 2 X-քրոմոսոմ, տղամարդկանց մոտ միայն մեկն է, այն էլ «թույլ»։ Գիտնականի համար դա կարևոր պահ է, քանի որ զույգի առկայությունը X-ին թույլ է տալիս վնասված գեները փոխարինել։ Միևնույն ժամանակ, Y-քրոմոսոմը չունի նման զույգ, այդ պատճառով վնասված մասերը քրոմոսոմը չի կարող փոխարինել կամ շատ դժվարությամբ է հաջողվում։ Այդ պատճառով էլ տեղի է ունենում գեների աստիճանաբար վերացում։

 

Հրապարակային ելույթի ժամանակ պրոֆեսորն ասել է. «Սա շատ վատ լուր է բոլոր տղամարդկանց համար, ովքեր հավաքվել են այստեղ»։ Նա նաև ասել է, որ Y-քրոմոսոմի գեների մեծամասնությունն «անպիտան աղբ» է։ Սակայն լավ լուրն այն է, որ «տղամարդկանց վերացման» գործընթացը կզբաղեցնի մոտ 5 մլն տարի։

 

Դրա կապակցությամբ այլ փորձագետներ նշում են, որ «5 կամ 6 մլն տարին պետք է բավականացնի բժշկության զարգացմանը, որը կարող է ամեն ինչ շտկել»։ Գիտնականները կարծում են, որ քրոմոսոմները կարող են փոխարինել միմյանց, կամ ընդհանրապես կարող է մարդու նոր տեսակ հայտնվել։

 

Իր ելույթի վերջում Գրեյվսը կատակել է. «Իրականում գործընթացը, հնարավոր է, արդեն ընթանում է։ Որոշ տղամարդկանց մոտ դա տեսանելի է նույնիսկ առանց քրոմոսոմները ստուգելու»։

 


 

Տղամարդիկ կվերանան 5 մլն տարի անց. գործընթացն արդեն սկսվել է՝ պնդում է պրոֆեսոր Ջենի Գրեյվսը