Հյուսիսային Կորեայի Twitter-ի պաշտոնական էջում հաքերները տեղադրել են խոզի ականջներով Կիմ Չեն Ընի լուսանկարը
Հաքերները կոտրել են Հյուսիսային Կորեայի Twitter-ում և Flickr-ում գտնվող հաշիվները: Ըստ տեղադրված հաղորդագրությունների, դրանք կոտրվել են ապրիլի 4-ի առավոտյան և հաղորդագրություն թողնելու պահին դրանք գտնվում էին հաքերների վերահսկության տակ, գրում է Lenta.ru-ն:
Բացի այդ հաքերների հարձակման է ենթարկվել Uriminzokkiri քարոզչական կայքը: Ներկա պահին դրանք չեն գործում:
Հանրապետության Flickr-ի էջում չարագործները տեղադրել են մի քանի լուսանկար: Դրանցից մեկում Հյուսիսային Կորեայի առաջնորդը պատկերված է խոզի ականջներով և Միքի Մաուսի դաջվածքներով: Լուսանկարին կցված է հայտարարություն, որում հաքերները Կիմ Չեն Ընին մեղադրում են աշխարհին միջուկային զենքով սպառնալու և համակենտրոնացման ճամբարներ ստեղծելու մեջ:
Հաքերներն ընդգծել են, որ նրանք հանդես չեն գալիս ԱՄՆ-ի կողմից, որին մեղադրում են «հերթական կարիբյան ճգնաժամը ստեղծելու» և «սիոնիստ տերերին» ծառայելու մեջ:
Ապրիլի 2-ին հաքերները, որոնք իրենց դասում են Anonymous խմբին, հայտարարել էին Uriminzokkiri-ի 15.000 գաղտնաբառեր գողանալու մեջ: Սակայն North Korea Tech կայքի մասնագետները փորձել են հերքել հաքերների այս հայտարարությունը՝ նշելով, որ Uriminzokkiri-ի սերվերը գտնվում է Չինաստանում, իսկ նախկինում հրապարակված գաղտնանունների տերերը չինացիներ են: Դրան ի պատասխան Anonymous-ը տեղադրել է գաղտնանունների և գաղտնաբառերի ամբողջական ցանկը՝ այդ թվում նաև կայքի ադմինիստրատորի գաղտնաբառը:










