Samsung Galaxy S4-ի մեկնարկային գինը Հայաստանում կկազմի շուրջ 395 000 դրամ (տեսանյութ)

12:14 • 04.04.13

Էլեկտրոնիկա արտադրող հարավկորեական Samsung ընկերության «դրոշակակիր մոդել» համարվող Samsung Galaxy S4-ը պաշտոնապես ներկայացվեց նաև Հայաստանում, որի վաճառքը կսկսի մայիսի 4-ից։


Samsung Galaxy S4-ի շնորհանդեսի ժամանակ, որը տեղի ունեցավ Երևանում Ամիրյան 12 հասցեում, ընկերության հայաստանյան ներկայացուցչության շարժական սարքավորումների գծով պատասխանատու Աշոտ Բուդաղյանը նշեց, որ հեռախոսի մեկնարկային գինը Հայաստանում կկազմի շուրջ 395 000 դրամ։

 

««Samsung» ընկերությունն իր գործընկերների հետ իրենց սպառողներին ընձեռնում են բացառիկ հնարավորություն, նախապես գրանցվել և առաջինը գնահատել նոր սերնդի սմարթֆոնի հնարավորությունները։ Բացի այդ, մենք պատրաստել ենք անակնկալ սմարթֆոնը ձեռք բերելու նպատակով նախապես գրանցվողների համար. նրանք Հայաստանում պաշտոնական վաճառքի սկսվելուն պես սմարթֆոն գնելիս նվեր կստանան պատյանը»,- ասաց նա։

 

Իսկ Samsung Ղազախստան և Կենտրոնական Ասիա ՍՊԸ-ի նախագահ Սին Սիկ Չոյը նշեց, որ ներկայացվում է ընկերության դրոշակակիր մոդելը և ընդգծեց, որ սա դիզայնի և տեխնիկական պարամետրերի գլուխգործոց է։


«Կարծում ենք, որ Samsung Galaxy S4-ը կլինի ձեր կյանքի ուղեկիցը։ Հայաստանում սպառողները շատ խելացի են և հետևում են տեխնիկական թրենդին, և հուսով եմ նրանց դուր կգա Samsung Galaxy S4-ը»,- ասաց նա։


Ի դեպ, Սին Սիկ Չոյը հիշեցրեց, որ քանի որ Samsung Electronics ընկերությունը հովանավորում էր «Հայաստանի ձայնը» նախագիծը, ուստի առաջինը Հայաստանից Samsung Galaxy S4-ը կունենա նախագծի հաղթող Մերի Մնջոյանը, ում ընկերությունն այն նվեր կմատուցի։


Շնորհանդեսի ընթացքում ներկայացվեց նաև հատուկ այս առիթով ստեղծված Facebook խաղը, որի միջոցով հաղթող մասնակիցը կշահի նոր սերնդի նորարար Samsung Galaxy S4 սմարթֆոնը:


Նշենք, որ Samsung ընկերությունը Galaxy S 4 սմարթֆոնը պաշտոնապես ներկայացրել է 2013թ. մարտի 14-ին Նյու Յորքում: Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ այն ստեղծվել է, որպեսզի դառնա հուսալի և հետաքրքիր ուղեկից իր օգտատիրոջ համար և հեշտացնի նրա առօրյան:


Սա Samsung Galaxy S առաջատար սմարթֆոնների արդեն չորրորդ սերունդն է՝ ավելի բարակ, ավելի ամուր ու կատարելագործված հնարավորություններով: Samsung Galaxy S4 ներկայացված կլինի նաև 4-րդ սերնդի LTE ցանցերում աշխատելու հնարավորությամբ, ունի 5-դյույմանոց 1920x1020 թողունակությամբ Super AMOLED տեխնոլոգիայով պատրաստված էկրան և 2 տեսախցիկ՝ 13 մեգապիքսելանոց հետևի մասում, և 2 մեգապիքսելանոց՝ առջևի մասում: Վերջինիս միջոցով նոր սմարթֆոնի օգտատերերը հնարավորություն կունենա վայելելու Smart Pause, Smart Scroll, Air View և Air Gesture նորարար ֆունկցիաները. օրինակ՝ առանց էկրանին դիպչելու տեսնել հաղորդագրության տեքստը և թերթել էջերը, դիտել ֆոտոալբոմի լուսանկարները,կատարել զանգեր կամ կառավարել հեռախոսը:

 

 

Samsung Galaxy S4-ի մեկնարկային գինը Հայաստանում կկազմի շուրջ 395 000 դրամ (տեսանյութ)