Ճաղատացումը սրտային հիվանդության նախանշաններից մեկն է. ճապոնացի մասնագետներ

13:59 • 05.04.13

Ճապոնացի գիտնականները պարզել են, որ տղամարդիկ, որոնց մազերը թափվում են, ավելի շատ են հակված սրտանոթային հիվանդություններին, քան նրանք, ովքեր խնդիրներ չունեն մազաթափության հետ, գրում է Russia Today-ը։

 

Ճապոնացիներն ուսումնասիրել են 37 հազ. տղամարդու տվյալ և եզրակացության հանգել, որ ճաղատացող տղամարդիկ ավելի թույլ սիրտ ունեն։ Սրտի իշեմիկ հիվանդության առաջացման ռիսկը նրանց մոտ 32%-ով բարձր է։ Սակայն դա ամենալուրջ գործոնը չէ նման հիվանդություն ձեռք բերելու համար. ծխելը և ավելորդ քաշն ավելի վտանգավոր պատճառներ են։

 

Տղամարդկանց մոտ կեսը կորցնում է մազերը 50 տարեկանին մոտ, իսկ 70 տարեկանում ճաղատանում է նրանց 80%-ը։ Վաղ տարիքում նոսրացող մազածածկույթը վկայում է սրտի վատ աշխատանքի մասին։

Ճապոնացիները խորհուրդ են տալիս բոլոր նրանց, ովքեր երիտասարդ տարիքում իրենց մոտ նկատում են մազաթափություն, հրաժարվել վատ սովորույթներից և կարգավորել քաշը։

 

Ճաղատացումը սրտի իշեմիկ հիվանդության զարգացման ըստ կարևորության 3-րդ գործոնն է՝ ժառանգականությունից և տարիքային փոփոխություններից հետո։

 

Սակայն բժիշկները հորդորում են շատ չանհանգստանալ. եթե մազերը թափվում են, դա դեռ 100 տոկոսով չի նշականում, որ ժամանակն է դիմել սրտաբանի։


«Թեև ճապոնացի բժիշկների հետազոտությունը համոզիչ է, ես ամեն դեպքում խորհուրդ չեմ տա չափազանց շատ անհանգստանալ մազաթափության առաջին նախանշանների դեպքում։ Վերջնական եզրակացություն անելու համար անհրաժեշտ է հետևել կազմվածքին. գիրացումն ավելի սպառնացող գործոն է, քան ճաղատացումը»,- ասում է British Heart Foundation-ից սրտաբան Դորիան Մեդոքը։
 

Ճաղատացումը սրտային հիվանդության նախանշաններից մեկն է. ճապոնացի մասնագետներ