Ճապոնացի գիտնականները սովորել են կարդալ երազները
Ճապոնացի գիտնականներին հաջողվել է կարդալ սովորել մարդկանց երազները, այսինքն՝ ճշգրտության բարձր մակարդակով պարզել, թե տվյալ պահին մարդն ինչ երազ է տեսնում, հայտնում է Взгляд-ը։
Մասնագետների անցկացրած ուսումնասիրություններին մասնակցել է 3 ինքնակամ տղամարդ, որոնց քնած ժամանակ փորձագետները նրանց ուղեղի էլեկտրամագնիսական գործունեության հիման վրա պարզել են, որ նրանք այդ պահին երազ են տեսնում։ Դրանից հետո տղամարդկանց անմիջապես արթնացրել են և խնդրել պատմել երազի բովանդակությունը։ Այս փորձարկումն անցկացվել է 200 անգամից ավելի։
Հետզհետե մասնագետները կարողացել են տարբերակել, թե ուղեղի որ պատկերի դեպքում մարդն ինչ երազ է տեսնում։ Արդյունքում՝ նրանք տարբերակել են ուղեղի 60 տարբեր պատկեր։ Ամենից լավ ճապոնացիները կարողացել են բացահայտել այն երազները, որոնցում քնած մարդիկ տեսել են կանանց, շինություններ, մեքենա, գիրք և կահույք։










