Իսպանիայում վաճառքի են հանվել սեյֆ-ներքնակներ (լուսանկարներ)
Եվրոպայում բանկային ճգնաժամի թեժ պահին իսպանացիները կարող են հանգիստ քնել և չվախենալ իրենց խնայողությունների ապահովության համար, հայտնում է Russia Today-ը՝ ազդարարելով նոր ներքնակի թողարկումը, որը ներկառուցված սեյֆ ունի:
«Իմ ներքնակը» անվանումով նորույթը թողարկել է Descanso Santos Sueños ընկերությունը: Նրանք, ովքեր բանկերին չեն վստահում, կարող են 875 եվրոյով ձեռք բերել այս ներքնակը, որի փականը գաղտնագրով է:
Ընկերությունից հայտնել են, որ նորույթն այնքան մեծ ժողովրդականություն է վայելում, որ ընկերությանը հարկավոր է եղել վերանայել թողարկման ծավալները: Հաջողության գաղտնիքը, չեն թաքցնում ընկերությունում, Կիպրոսի բանկային ճգնաժամն է:
Հետաքրքրական է նորույթի գովազդն ընկերության կայքում. այնտեղ բողոքող իսպանացիներ են, որոնք վանկարկում են «Իսպանական բանկերը կործանվում են», «Մարդիկ այլևս չեն կարող հանգիստ քնել»:










