Հայկական Facebook-ի առանձնահատկությունները. Սամվել Մարտիրոսյան
Հայաստանը երկիր է, որտեղ Facebook-ը յուրահատուկ ձևով է զարգացած. այն մի կողմից, սկսած անցած տարվանից, դարձել է հասարակական-քաղաքական հիմնական հարթակը և մամուլի համար թիվ մեկ աղբյուրը, բայց մյուս կողմից՝ ռեալ մարդկանց քանակով այն ավելի ցածր օգտագործելիության ցուցանիշ ունի, քանի որ այս սոցիալական ցանցի օգտատեր է բնակչության 10 տոկոսը: Այսինքն՝ Facebook-ի աղմուկն ավելի շատ է, քան իրական օգատերերի քանակը:
Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով սոցիալական մեդիայի բնագավառում վիճակագրական տվյալների և վերլուծությունների հրապարակմամբ հայտնի Socialbakers.com կայքի վերջին տվյալներին, ըստ որոնց՝ Facebook-յան օգատերերի աճի տեմպերով Հայաստանը երրորդ տեղում է. այստեղ արձանագրվող աճը բարձր է համաշխարհային միջինից, այն դեպքում, երբ ընդհանուր առմամբ, Facebook-ի կիրառությունն աշխարհում անկում է ապրում, իսկ Facebook-ի «հայրենիք» ԱՄՆ-ում՝ բավական ընդգծված ձևով:
Ըստ այդմ՝ Հայաստանում Facebook-ի օգտատերերի քանակն աճել է 40.950-ով կամ 9.9%-ով` հասնելով 416.5 հազարի: Աճի ցուցանիշով Հայաստանը հայտնվել է ամենաարագ աճ ցուցաբերած երկրների շարքում 3-րդ տեղում: Այս ցուցանիշով Հայաստանին հետևում է Ադրբեջանը՝ 8.86% աճի ցուցանիշով։
«Հայկական աճի» առանձնահատկությունը մեդիափորձագետը պայմանավորում է, առաջին հերթին, այլ երկրների հետ համեմատականներով:
«Եթե նայենք օգտատերերի թվի անկումով, ապա այն նկատվում է այն երկրներում, որտեղ օգտատերերի ներթափանցումը բնակչության տոկոսի համեմատ 35 տոկոսից ավել է: Մի կողմից անկում է դիտվում,բայց մյուս կողմից էդ երկիրը երկիր է, որտեղ կեսը Facebook-ի օգտատեր է: Այսինքն՝ ամենայն հավանականությամբ խոսքն այն մասին է, որ այդ երկրներում գերհագեցման պրոցես է սկսվել և դրա պատճառով աճ չի դիտվում»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը՝ նկատելով, որ Facebook-ի մշակույթը Հայաստանում նոր է:
Դրանից առաջ, ըստ նրա հիշեցման, Հայաստանում հիմնավորապես հաստատված էր Odnoklassnik-ը, որը հիմա էլ իր օգտատերերի քանակով, ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ Հայաստանում մնում է առաջինը:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ի դրությամբ աշխարհի առաջատար երկրներն ըստ Facebook-ի օգտատերերի բացարձակ ցուցանիշի ԱՄՆ-ն է՝ 163 մլն ցուցանիշով, որտեղ անկում է նկատվում, Բրազիլիան՝ շուրջ 100 մլն տարբերությամբ՝ 66.5 մլն, ապա՝ Հնդկաստան՝ 63 մլն-ով:
«Հիմա էս դիսբալանսը, որ մի կողմից Facebook-ը հիմնական քաղաքական-հասարակական հարթակն է, բայց ունի պակաս թվով օգատերեր, բերեց նրան, որ մարդիկ սկսեցին թափով մտնել Facebook ։ Այսինքն՝ երբ ողջ աշխարհում մարդիկ սկսում են հոգնել, մեզ մոտ նոր-նոր Facebook-ի «բում է»»,- նկատեց Սամվել Մարտիրոսյանը:
Սա նրա նշած առաջին պատճառն է, իսկ երկրորդն այն է, որ Facebook-ի մեջ նաև առևտուր է մտել:
Նշենք, որ Facebook-ում գործում են ոչ միայն հարյուրավոր խանութների ու ծառայությունների էջեր, այլև ուղղակի առցանց խանութներ, որոնցում օգտատերերին են առաջարկվում տարբեր ապրանքատեսակներ՝ հագուստի, զարդերի,դիմահարդարման նյութերից, խնամքի հիգիենիկ միջոցների մինչև համակարգչային ու փրկարարական ծառայություններ:
Մասնավորապես ներկայացնենք մի քանիսը.«Սարդ» խանութների ցանց, Crown online, Organics, մանկական , օծանելիքի, «Եղիր կրեատիվ» օնլայն խանութներ, Istore Armenia, Primo qeiting, համակարգչային, բիզնես խորհրդատվություն , ԱՀԱ փրկարարական ծառայություն, հաշվապահական դասընթացներ, վարորդների աջակցության ծառայություն, հոգեբանական ծառայությունների կենտրոն, տարբեր էսթետիկ և պլաստիկ վիրաբուժության կենտրոններ, ատամնաբուժարաններ և այլն:
Սամվել Մարտիրոսյանը նկատեց, որ՝ «էդ ամեն ինչը հնարավոր է, որ ավելի շատ մարդ ներգրավի»:
Tert.am-ը զրուցել է Պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայության ղեկավար Նելլի Մանուչարյանի հետ՝ պարզելու թե կա՞ն առանձին ստորաբաժանումներ, որոնք զբաղվում են Facebook-ի ծառայություններով և առևտրով:
ՊԵԿ մամուլի քարտուղարն ասաց, որ առանձին ստորաբաժանում ՝ ոչ, բայց սոցիալական ցանցն ուսումնասիրության ենթարկվում է:










