Facebook-ը ծրագրում է օգտատերերի թիվը հասցնել 3-5 միլիարդի

11:03 • 06.04.13

Հանրահայտ Facebook ընկերության գլխավոր խնդիրը սոցցանցի օգտատերերի թիվը 3-5 միլիարդի հասցնելն է։ Ինչպես հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին Wired ամսագրին պատմել է սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։

 

Նպատակին հասնելու միջոցներից մեկը հինգշաբթի ներկայացված Facebook HOME անվանումով հավելվածն է։


«Facebook-ը սմարթֆոններ օգտագործողների կյանքում կարևոր տեղ է զբաղեցնում։ Մեր տվյալների համաձայն՝ մարդիկ իրենց ժամանակի 23 տոկոսն անցկացնում են համացանցում՝ օգտվելով բջջային տեխնոլոգիաներից»,- ասել է Ցուկերբերգը։

 

Ըստ նրա՝ իրենց օգտատերերի թիվը 1 մլրդ է, միևնույն ժամանակ, յուրաքանչյուր ընկերություն՝ չհաշված Apple-ը, շուկայում իրացնում է 10-20 մլն սարք։ «Այլ կերպ ասած՝ եթե մենք առաջարկեինք բջջային հեռախոս և ոչ հավելված, ապա կբավարարեինք մեր օգտատերերի 1-2 տոկոսից ոչ ավելիի պահանջարկը։ Այդ իսկ պատճառով մենք ստեղծեցինք մեր սեփական «տունը» (HOME)»,- ասել է նա։

  

Միլիարդատերը հույս ունի նաև տասնապատիկ ավելացնել Instagram հավելվածի օգտատերերի թիվը՝ հասցնելով 1 մլրդ-ի։ «Այն մեզ համար կարևորագույն արտադրանք է։ Դրա օգտատերերի թիվը՝ 100 մլն, հիմք է տալիս այն դիտարկել որպես զարգացման ռազմավարական ուղղություն»,- ասել է նա։
 

Facebook-ն Instagram-ը գնել է 2012-ի ապրիլին, գործարքի գինը կազմել է 1 մլրդ դոլար։


 

Facebook-ը ծրագրում է օգտատերերի թիվը հասցնել 3-5 միլիարդի