ՆԱՍԱ-ն Կոնգրեսից 100 մլն դոլար կխնդրի փոքր աստղակերպի հետազոտման նախագծի համար
ԱՄՆ օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, մտադիր է առաջիկա 10 տարում «պարկի» մեջ գցել ոչ մեծ աստղակերպն ու մոտեցնել այն Երկրին՝ տիեզերագնացների «մոտիկից ուսումնասիրման» համար։
Ինչպես հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է ԱՄՆ Սենատի գիտության և տիեզերքի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Բիլ Նելսոնը։
Ըստ նրա՝ առաջին հայացքից ֆանտաստիկ միտք թվացող այս առաքելությունը ծրագրված է 2019-2021թվականներին։ Նրա խոսքով՝ այս նպատակի համար Բարաք Օբամայի վարչակարգը մտադիր է Կոնգրեսից արդեն հաջորդ ֆինանսական տարում խնդրել 100 մլն դոլար։
Գումարը կծախսվի մոտ 8 մետր տրամագծով և մինչև 500 տոննա զանգվածով «համապատասխան աստերոիդի» որոնման համար, որին մոտ ապագայում կուղարկվի ավտոմատ սարք՝ մեծ «կապերով պարկի» նման թակարդով։
«Սկզբում պետք է հագցնել դրան պարկը, այնուհետ դրա վրա արևային էներգիայով աշխատող շարժիչ տեղադրել, իսկ այնուհետ դրան տանել այնտեղ, որտեղ կցանկանան»,- ասել է ՆԱՍԱ-ի աշխատակից Դոնալդ Յոմանսը։
Երբ այն մոտեցվի Երկրին, դրա մոտ կուղարկվի «Օրիոն» նավը։ Սպասվում է, որ աստղագնացները կհետազոտեն այն բաց տիեզերք անցման ժամանակ։
Սենատոր Նելսոնը, ում կարծիքը կարևոր կլինի Կոնգրեսում ՆԱՍԱ-ի բյուջեի հաստատման ժամանակ, հայտարարել է, որ այդ միտքը «խելքին մոտ է»։
Նա հիշեցրել է, որ նման հետազոտություններն անհրաժեշտ են Երկիրն աստերոիդի անկումից պաշտպանելու մեթոդների մշակման համար և հնարավորություն կընձեռեն ճիշտ գնահատել նման սպառնալիքի աստիճանը։
Բացի այդ, այս նախագիծը թույլ կտա նախապատրաստել մարդու թռիչքը Մարս, որը ՆԱՍԱ-ն ծրագրել է մոտավորապես 2030-ականներին։










