Կնոջ ձվաբջիջները հնարավոր կլինի փոշու տեսքով պահել տանը՝ հետագայում բեղմնավորելու նպատակով
Ապագայում կանայք երեխա ունենալու համար այլևս ժամանակի հետ կապված սահմանափակումներ չեն ունենա։ Ինչպես նշում է Вести-ն, կնոջ ձվաբջիջները հնարավոր կլինի փոշու տեսքով պահել հենց տանը, իսկ երբ երեխա ունենալու ժամանակը գա, բավական կլինի միայն դրանց վրա ջուր, սերմնահեղուկ լցնել և պատրաստի սաղմն արգանդի մեջ տեղադրել։
«Սենյակային ջերմաստիճանի պայմաններում այդ փոշին կարող է շատ երկար պահպանվել»,-նշել է բեղմնավորման այս մեթոդի հեղինակ, Իսրայելի միջուկային դինամիկայի հետազոտման կենտրոնի բժիշկ Արավ Ամիրը։
Արավն ու իր գործընկերներն արդեն ցուցադրել են նոր տեխնոլոգիան կովի ձվաբջիջների օրինակի վրա՝ Բեռլինում կայացած համաժողովի շրջանակներում։ Փորձի արդյունքում հայտնի է դարձել, որ վերցված 30 ձվաբջիջներից 23-ը կենսունակ են եղել, ինչը բավական բարձր ցուցանիշ է։
Սակայն գիտնականները դեռևս պետք է պարզեն, թե արդյոք նման ձվաբջիջներից հնարավոր է լիարժեք, առողջ սաղմեր ստանալ։
Մասնագետներն այժմ պետք է շարունակեն իրենց ուսումնասիրությունները կենդանիների վրա, ինչից հետո նրանց կարող է թույլատրվել նաև մարդկանց ձվաբջիջների միջոցով փորձարկումներ անցկացնել։










