Microsoft-ն ու Nokia-ն հայց են ներկայացրել Եվրոպական հանձնաժողով՝ ընդդեմ Google-ի
Ամերիկյան Microsoft և ֆիննական Nokia ընկերությունները մեղադրում են մրցակից Google-ին՝ սեփական հավելվածները, մասնավորապես՝ YouTube-ն ու Google Maps-ը Android սարքերի միջոցով օգտատերերին «պարտադրելու» համար։
Ինչպես նշում է BBC-ն, բացի Microsoft-ից, Nokia-ից, Եվրոպական հանձնաժողով հայց է ներկայացրել նաև Oracle և ևս 14 տեխնոլոգիական ընկերություն։
Հայցվորները պնդում են, որ Google-ը չարաշահում է բջջային հեռախոսների շուկայում իր ունեցած գերակա դիրքը։
Ներկայացված հայցին ի պատասխան՝ Google-ն ընդամենը հայտարարել է, որ կշարունակի համագործակցել Եվրոպական հանձնաժողովի հետ։
«Մենք խնդրում ենք Եվրոպական հանձնաժողովին արագ և հստակ որոշում կայացնել այս ոլորտում ազատ մրցակացություն ապահովելու համար»,-նշվում է ներկայացված հայցում։ Ըստ Gartner հետազոտական կազմակերպության տվյալների՝ Android օպերացիոն համակարգի հիման վրա գործող սմարթֆոնները ներկայում գրավել են համաշխարահյին շուկայի 70%-ը։










