Twitter-ում Թետչերի մասին հեշթեգի սխալ ընթերցումը Շերի մահվան մասին լուրեր է առաջացրել
Twitter սոցցանցում Մարգարեթ Թետչերի մահվան մասին հեշթեգի սխալ ընթերցումը հայկական ծագում ունեցող հանրահայտ երգչուհի և դերասանուհի Շերի մահվան մասին լուրեր է առաջացրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Wall Street Journal թերթի կայքին։
Հեշթեգի օգնությամբ օգտատերեը կիսվել են երկուշաբթի կյանքից հեռացած Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի վախճանի մասին լուրերով։
«Երկաթյա լեդին» մահացել էր ուղեղի կաթվածից, 87 տարեկանում։ Նա Մեծ Բրիտանիայի պատմության առաջին ու միակ կին վարչապետն է եղել (1979-1990)։
Համացանցում Թետչերի վախճանի մասին լուրի հայտնվելուց հետո, Twitter-ում միանգամից տարածվել է համապատասխան հեշթեգ՝ #nowthatchersdead («Այժմ էլ մահացել է Թետչերը»)։
Սակայն բազմաթիվ օգտատերեր այն կարդացել են՝ Now that Cher's dead («Այժմ էլ մահացել է Շերը»), ինչի հետևանքով երգչուհու երկրպագուները ցավակցություններ են հայտնել։ Սակայն բազմաթիվ օգտատերեր, մասնավորապես՝ բրիտանացի հայտնի կատակերգակ Ռիկի Ջերվեյսը, սկսել են հումորային հաղորդագրություններ գրել՝ ծաղրելով կատարվածը։










