Աստվածաշնչում հիշատակված լճի ընդերքում հսկայական կառույց է հայտնաբերվել
Իսրայելի տարածքում գտնվող Տիվերիադյան լճի ընդերքում հայտնաբերվել է տարօրինակ քարե հուշարձան: Ըստ մասնագետների, այն կարող է ստեղծված լինել ավելի քան 4.000 տարի առաջ, երբ լիճը գոյություն չուներ, գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
Գիտնականները նշում են, որ հայտնագործությունն իրենից ներկայացնում է չմշակված բազալտե ժայռաբեկորներ և քարի կտորներ, որոնք ամրացված են միասնական կառույցի մեջ: Նրա մոտավոր քաշը կազմում է 60.000 տոննա:
Ըստ պատմաբանների, նման շինությունները հնում կառուցում էին որպես դամբարաններ: Եթե դա իրականում այդպես է, ապա քարերի տակ հնարավոր կլինի գտնել բազմաթիվ հետաքրքիր հայտնագործություններ: Հնէաբանները դեռևս պետք է վերլուծության ենթարկեն հայտնագործության կառուցվածքը, որպեսզի պարզեն դրա իրական ծագումը:
Մասնագետները կարծում են, որ հուշարձանը կառուցվել է ցամաքի վրա, երբ այս տեղում դեռևս ջուր չկար: Սակայն Տիվերիադյան լճի մասին հիշատակումներ կան նաև Աստվածաշնչում, որտեղ ձկնորսությամբ էին զբաղվում Պետրոս և Անդրեաս առաքյալները: Իսկ լճի հյուսիսային ափին հնում գտնվում էր Կապերնաում քաղաքը, որտեղ, ըստ ավանդության, ապրել և քարոզել է Հիսուս Քրիստոսը:










