Ամերիկյան դատարանը «հոգնել է» Apple-ի և Google-ի «արտոնագրային պատերազմից»
Ամերիկյան դատարանը դեմ է, որ իրեն որպես զենք օգտագործեն «արտոնագրային պատերազմում», հայտնում է vestifinance.ru-ն։
Դատավոր Ռոբերտ Սկոլան հայտնել է, որ Apple և Google ընկերությունները հետաքրքրված չեն վեճերի լուծմամբ և միտումնավոր բարդացնում են գործընթացը։
«Կողմերը հետաքրքրված չեն վեճերի արագ և արդյունավետ լուծման հարցում։ Դրա փոխարեն նրանք տվյալ և այլ դատական գործընթացներն օգտագործում են որպես գործնական ռազմավարություն, որի վերջը չի երևում։ Եվ մեր դատարանը դրա համար նախատեսված չէ»,- ասել է Սկոլան։
Գործին, որը քննում է դատավորը, ներգրավված է 12 արտոնագիր, որոնցում նկարագրված է ավելի քան 100 տարբեր հայտնագործություն։ Չնայած քննարկվող հարցերի շրջանակը նեղացնելու վերաբերյալ դատարանի համառ խորհուրդներին, Apple-ը և Google-ը շարունակում են վեճերի նոր պատճառներ փնտրել։
Ֆլորիդայում Apple-ի դեմ դատական գործի լսումները կսկսվեն 4 ամիս անց։ Մինչ այդ, կողմերը պետք է պայմանավորվեն տերմինների իմաստի շուրջ, որոնք օգտագործվում են վիճելի արտոնագրերում։










