Google-ը ծառայություն է թողարկել «վիրտուալ հանգուցյալների» համար

11:16 • 12.04.13

Google ընկերությունը թողարկել է մի ծառայություն, որը թույլ կտա նախապես որոշել, թե ինչ տեղի կունենա օգտատիրոջ հաշվի հետ նրա մահից հետո, հայտնում է НТВ-ն։


Նոր ծառայությունը կրում է Inactive Account Manager անվանումը։ Այն հնարավորություն է տալիս տնօրինել ֆայլերը և փաստաթղթերը մարդու՝ ֆիզիկական կամ վիրտուալ կյանքից հեռանալու դեպքում։

 

Նորամուծությունն աշխատում է ոչ միայն Gmail փոստում և Google Plus սոցկայքում։ Կարելի է որոշել նաև հաշվի ճակատագիրը YouTube-ում, Picasa լուսանկարների փոխանակման ծառայությունում և այլն։ Օգտատերը կարող է ընտրել, թե ակտիվությունը դադարեցնելուց հետո որքան ժամանակ անց բոլոր տվյալները կարող են ամբողջությամբ ջնջվել՝ 3, 6, թե 12 ամիս անց։

 

Բացի այդ, հնարավորություն կա տեղեկություն թողնել «որպես ժառանգություն»։ Ակտիվության դադարեցումից հետո տվյալները կարող են ուղարկվել օգտատիրոջ հարազատներին կամ մտերիմներին, որոնց հասցեները նշված կլինեն։

 

Ոչ մեկին ժամանակից շուտ «չթաղելու» համար Google-ը խոստանում է ջնջելուց առաջ օգտատիրոջն էլեկտրոնային նամակ կամ sms-հաղորդագրություն ուղարկել՝ պարզելու՝ ողջ է նա, թե ոչ։

 

Google-ը ծառայություն է թողարկել «վիրտուալ հանգուցյալների» համար