Սիրտը, թոքերն ու արյունը ևս զգում են հոտերը. հետազոտություն
Մյունխենի տեխնիկական համալսարանի գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ հոտառությունը հատուկ է ոչ միայն քթին, այլ նաև ներքին օրգաններին։ Ինչպես նշում է Russia Today-ը, հոտառական ռեցեպտորները սերտորեն կապված են այսպես կոչված՝ G սպիտակուցների հետ, որոնք միջնորդի դեր են խաղում օրգանիզմի ներբջջային ազդակների համար։
Մարդկային մարմնի 1.000 ռեցեպտորից մոտ 800-ը վերաբերում է հոտառությանը։ Ահա այդպիսի ռեցեպտորներ են հայտնաբերել գիտնականներն արյան բջիջներում, սրտի և թոքերի հյուսվածքներում։ Բացի այդ, նրանց հաջողվել է պարզել, որ արյան մասնիկներն իրենք են ձգվում դեպի բույրի աղբյուրը։
Մասնագետները նաև հանգել են այն եզրակացության, որ մարդու քիթը բավական «անտարբեր է» շրջապատի հոտերի նկատմամբ։ Այն ընկալում է հոտերից ստացվող տեղեկության միայն մի փոքր մասը։ Օրինակ՝ գիտնականները պարզել են, որ թարմ եփած սուրճի հազար հոտառական մոլեկուլներից մեր քիթն ընկալում է միայն 25-ը։ Արդյունքում ստացվում է, որ բույրի մասին տեղեկության մեծ մասն ընկալվում է օրգանիզմի կողմից այն ժամանակ, երբ սնունդը կամ խմիչքը հայտնվում է ստամոքսում, որտեղից էլ անցնում է արյունատար անոթներով։










