Էկվադորը տիեզերք կուղարկի իր առաջին արբանյակը
Էկվադորի նախագահ Ռաֆաել Կորեան հայտարարել է, որ ապրիլի 26-ին իր երկիրը կարձակի իր առաջին տիեզերական արբանյակը, հայտնում է Russia Today-ը՝ նշելով, որ սարքը ուղեծիր կտանի չինական արտադրության անօդաչու հրթիռը։
«Սա այլ երկրից բերված արբանյակ չէ, այս արբանյակը պատրաստվել է էկվադորում»,- հպարտորեն նշել է նախագահը։
Ոչ մեծ մոտ՝ 1կգ քաշ ունեցող տիեզերական սարքը կարձակվի Չինաստանի տարածքից։ «Պեգաս» կոչվող արբանյակն ունի տեսախցիկ, որը էկվադորցի փորձագետներին պատկերներ կուղարկի տիեզերքից։ Նրանք էլ, իրենց հերթին, անվճար կտեղադրեն լուսանկարները համացանցում, որպեսզի ամբողջ աշխարհում հետազոտողները կարողանան օգտագործել դրանք։
«Պեգաս»-ը անցել է բոլոր անհրաժեշտ ստուգումները Հոլանդիայում, որտեղ իրականացվում է բոլոր սարքերի վերահսկումը։
Էկվադորի քաղաքացիական տիեզերական գործակալության ղեկավար Ռոնի Նադերն ասել է, որ այդ արբանյակը ստեղծվել է էկվադորցիների պատվին։ «Սակայն մենք այն հատկապես նվիրել ենք երեխաներին։ Մենք պետք է հավատանք ինքներս մեզ, և դա մեր ապագան է»,- նշել է նա։










