Boeing-ն ԱՄՆ բանակին շուրջ 30 ուղղաթիռ «կնվիրի»
ԱՄՆ բանակը համաձայնություն է եկել Boeing ընկերության հետ 155 CH-47 Chinook ծանր ռազմական-բեռնատար ուղղաթիռներ գնելու վերաբերյալ: Պայմանագիրը կարող է ստորագրվել արդեն այս տարվա մայիսին, գրում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Flightglobal-ին:
Ըստ գնդապետ Բոբ Մարիոնի, ամերիկյան ցամաքային զորքերին հաջողվել է Boeing-ին համոզել, որպեսզի նա պայմանագրի գինն իջեցնի 19.2%-ով կամ 810 միլիոն դոլարով: Այսինքն պայմանագրի արժեքը կկազմի 3.4 միլիարդ դոլար, ինչը նշանակում է, որ փաստացիորեն ԱՄՆ բանակը շուրջ 30 ուղղաթիռ ստանում է անվճար:
Նոր ուղղաթիռների արտադրությունը կսկսվի 2015 թվականի ապրիլին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 155 ուղղաթիռների պայմանագիրը կլինի վերջինը Chinook ծրագրում, որը նախատեսվում է փակել 2020 թվականին: Սպասվում է, որ ուղղաթիռները կմատակարարվեն ավելի նոր տարբերակով՝ CH-47G-ով, որոնց բեռնատարողունակությունը կավելանա 30%-ով (հասնելով 29.5 տոննայի):
Ըստ Flightglobal MiliCAS-ի տվյալների, ԱՄՆ բանակը սպառազինված է 513 Chinook ուղղաթիռներով:










