Հարցազրույցի ընթացքում գործատուի կողմից հնչեցվող ամենավատ հարցերը

08:24 • 16.04.13

Աշխատանք որոնողների տրամադրության տակ կա մեծաքանակ տարաբնույթ խորհրդատվություն, թե ինչպես նրանք կարող են առավելապես ներկայանալի լինել հարցազրույցների ժամանակ, սակայն այս անգամ անդրադառնանք գործատուին, ով նույնպես պետք է կարողանա ճիշտ ուղի ընտրել, գրում է Business Insider-ը և ներկայացնում ամենավատ հարցերի օրինակները, որ հարցազրույց վարող շատ գործատուներ սովորաբար ուղղում են հեռանկարային աշխատակցին։

 

1․Կպատմե՞ք Ձեր կրթության և փորձի մասին։ Գործատուն չպետք է տա այս հարցը, քանի որ նա պետք է արդեն իսկ ուսումնասիրած լինի թեկնածուի ռեզյումեն՝ նախքան հարցազրույցը։

 

2․ Ո՞րն է Ձեր ամենամեծ թուլությունը։ Այս հարցը հայտնվել է այնքան մեծ թվով հարցազրույցներում, որ արդեն իսկ կլիշե է դարձել այնպես, որ համարյա ցանկացած դիմորդ պատրաստի պատասխան ունի։ Ավելին, փորձառու հարցազրույց վարողն ինքը պետք է ունակ լինի սեփական եզրահանգումն անել դիմորդի թուլության վերաբերյալ։ Հազիվ թե «Ես խիստ շատ եմ աշխատում» կամ «Ես մշտապես կատարելության եմ ձգտում» նախօրոք պատրաստված պատասխանները որևէ օգուտ տան։

 

3․ Ի՞նչ աշխատավարձ եք նախկինում ստացել։ Եթե ընկերությունն ինքը պատրաստ չէ աշխատավարձի մասին տեղեկություն տրամադրել դիմորդին, ապա արդարացի չէ նրան անհարմար վիճակի մեջ դնող նման հարց ուղղել։

 

4․ Կարծում եք՝ ի վիճակի կլինե՞ք այս ծանրաբեռնվածությունը հաղթահարել։ Պոտենցիալ աշխատակցին նման ենթադրական հարց ուղղելը չի նշականում, որ դուք կստանաք օգտակար տեղեկություն, և շատ մարդիկ բավականին խելացի են, որպեսզի ուղղակի պատասխանեն՝ «այո»։ Ավելի ճիշտ կլինի պարզել, թե դիմորդն ինչպես է աշխատել նախկինում՝ «Ի՞նչ ծավալի աշխատանք էիք կատարում ձեր նախորդ աշխատավայրում» կամ «Պատմեք, թե երբ է եղել, որ ծանրաբեռնվածությունը հասել է առավելագույնի և դուք կարողացել եք գործը գլուխ բերել» հարցերի միջոցով։

 

5․ Եթե դուք ծառ լինեիք, ի՞նչ ծառ կլինեիք։ Այս տիպի հարցերի թվին են պատկանում «Ի՞նչ կենդանիներ եք ամենաշատը սիրում» կամ «Ի՞նչ կարող եմ գտնել հենց այս պահին Ձեր սառնարանում»։ Նման հիմար հարցերը հազվադեպ են որևէ օգտակարություն ունենում և վանում են շատ թեկնածուների։ Իսկ ամենալավ թեկնածուները ցանկանում են խոսել լուրջ հարցերից՝ տվյալ աշխատանքից, իրենց փորձից և թե ինչով կարող են իրենց ներդրումն ունենալ այդ աշխատանքում։


6․ Եթե մենք առաջարկենք այս աշխատանքը, դուք կընդունե՞ք այն։ Շատ քիչ թվով դիմորդներ կպատասխանեն ոչ և իրական պատասխանը սովորաբար հնչում է այսպես «Դա կախված է աշխատավարձից»։ Այս հարցը նույնպես որևէ օգուտ չի բերում գործատուին և անհարմար վիճակի մեջ է դնում դիմորդին։

 

7․ Ինչով է զբաղվում Ձեր ամուսինը կամ ո՞ր եկեղեցին եք դուք այցելում կամ երեխաներ ունե՞ք։ Նմանատիպ անձնական հարցերը անհարիր են հարցազրույցի ժամանակ, որը կոչված է բացահայտելու թեկնածուի հնարավորությունները։  Դուք չեք կարող որոշում կայացնել՝ հիմնվելով դրանց պատասխանների վրա։ Բացի այդ, չնայած նման հարցեր տալն արգելված չէ, շատ դիմորդներ, հնարավոր է, բավականին տեղեկացված լինեն օրենքներից և կարող են ենթադրել, որ դուք այս հարցերը տալիս եք անօրինական խտրականություն դրսևորելու մտադրությամբ։

 

Անարդյունավետ հարցեր հնչեցնելու փոխարեն, հարցազրույց վարողները պետք է ժամանակը ծախսեն խորը հարցերի վրա՝ կենտրոնանալով այն տեղեկությունների վրա, թե ինչպես է աշխատել դիմորդը անցյալում, ինչ մարտահրավերներ է հաղթահարել, ինչպիսի նոր մարտահրավերներ կարող են ծառանալ իր առջև նոր աշխատանքի դեպքում, և ինչպես է նա պատրաստվում դրանք դիմակայել։

 

 

Հարցազրույցի ընթացքում գործատուի կողմից հնչեցվող ամենավատ հարցերը