ԽՍՀՄ-ն առաջինն է Մարս հասել՝ այժմ ՆԱՍԱ-ն ապացույցներ ունի. La Stampa

16:12 • 16.04.13

Իտալական հեղինակավոր La Stampa պարբերականի հոդվածագիր Մաուրիցիո Մոլինարին պնդում է, որ Խորհրդային Միությունը տիեզերական ոլորտում առաջ է անցել ԱՄՆ-ից՝ դեռևս 1971թ. տիեզերական սարք ուղարկելով Կարմիր մոլորակ։ Ուշագրավ նյութը թարգմանաբար ներկայացրել է ռուսական InoPressa կայքը։

 

«1971թ. աշխարհը սառը պատերազմի մեջ էր, իսկ տիեզերական մրցավազքը 2 գերտերություների միջև պայքարի անքակտելի մասն էր կազմում։ Մոսկվան անսպասելի հարված հասցրեց Վաշինգտոնին՝ իր տիեզերական սարքը բարեհաջող Մարս ուղարկելով և դրա վրա վայրէջք կատարելով։ Քանի որ Միացյալ Նահանգներին հաջողվել էր 1969թ. առաջինը մարդ ուղարկել Լուսին, ուստի ԽՍՀՄ-ը հայացքն ուղղեց դեպի Կարմիր մոլորակ՝ փորձելով ապացուցել, որ նա է տիեզերական մրցավազքի առաջատարը»,-գրում է Մոլինարին՝ հավելելով, որ 1971թ. դեկտեմբերի 2-ին Մոսկվային իսկապես հաջողվել է Մարս ուղարկել 2 տիեզերական սարք։

 

Ըստ հոդվածագրի՝ ի սկզբանե դեպի Մարս է ուղարկվել 2 տիեզերական սարք՝ «Մարս 2»-ն ու «Մարս 3»-ը, սակայն միայն վերջինին է հաջողվել վայրէջք կատարել նշանակման վայրում։

 

«Մոլորակի վրա փոշու փոթորիկ է սկսվել, ինչի հետևանքով «Մարս 2»-ը ոչնչացվել է։ Մոտ 4 ժամ 35 րոպե «Մարս 3»-ը վայրէջք է կատարել Կարմիր մոլորակի վրա, ինչից հետո 14.5 վայրկյան շարունակ այն ազդակներ է հաղորդել թռիչքի կառավարման կենտրոն՝ դրանով ցնծության մեջ գցելով Կրեմլին։ Այնուհանդերձ, ազդակների փոխանցումն անհայտ պատճառներով դադարեցվել է»,-շարունակում է Մոլինարին՝ նշելով, որ խորհրդային գիտնականներն անհաջողությունը բացատրել են փոթորկով։

 

Այդ ժամանակներից ի վեր, գրում է նա, Պտոլոմեուս հրաբխային խառնարանում տեղի ունեցած վայրէջքի տեղը պարուրված էր գաղտնիքով, մինչև որ անցած տարվա դեկտեմբերի 31-ին Mars Reconnaissance Orbiter սարքը լուսանկարեց մեխանիկական բեկորներ, որոնք ավելի ուշ ճանաչվեցին որպես խորհրդային սարքի մնացորդներ։
 

ԽՍՀՄ-ն առաջինն է Մարս հասել՝ այժմ ՆԱՍԱ-ն ապացույցներ ունի. La Stampa