Պետք է ունենանք ավելի լավ Երևան՝ առանց թալանչի քաղաքապետերի. Անի Քոչար
լուսանկարը՝aravot.am-ի
Երևանի ավագանու ընտրություններին «Բարև Երևան» դաշինքի ներկայացրած ցուցակի անդամ Անի Քոչարը, այսօր՝ Ազատության հրապարակում դաշինքի հրավիրված հանրահավաքի ժամանակ, ասաց, որ երևանցիները պետք է պայքարեն, որպեսզի ունենան մի փոքր ավելի լավ Երևան, բայց ոչ թալանչի քաղաքապետերով, ովքեր «արհեստական թիթեռներով» ցանկանում են ցույց տալ, թե գործ են անում: Նրա խոսքով՝ որպես հարկ վճարող քաղաքացի ցանկացած երևանցի չի կարող չասել, որ քաղաքային իշխանությունները իրեն հաշվետու են։
«Իրականում արի սրանց հայտարարագրերերին նայենք, ինչ միլիոններ են դիզում»,- ասաց Անի Քոչարը, ով, դիմելով հրապարակում կանգնած մարդկանց, նշեց, որ նրանցից շատերը, գուցե, չունեն աշխատանք, ինչի համար ինքը շատ ցավում է:
«Եվ կարծում եմ, որ մեր քաղաքացիական պայքարի արդյունքում պետք է հասնենք նրան, որ մայիսի 1–ն իսկապես տոն լինի բոլորի համար: Այս հրապարակում խոսելու առիթ եմ ունեցել խոսել մեկ այլ տոնի՝ Մարտի 8–ին, այնպես որ, երբ ես հաջորդ անգամ այստեղ խոսեմ, մենք կտոնենք մեր հաղթանակը»,- հայտարարեց նա։
Անի Քոչարը նշեց, որ անցնող քարոզարշավի ընթացքում ինքը տարբեր համայնքներում տեսել է երևույթներ, որոնք ևս իրեն մեծ ցավ են պատճառել. որոշ դեպքերում առաջացրել՝ թշնամանք, որոշ դեպքերում՝ ագրեսիա:
«Բարև Երևան» դաշինքի թեկնածուն ասաց, որ չի հասկանում, թե որ տրամաբանությամբ է, որ քաղաքական պայքարը վերածվում է թշնամանքի, պատերազմի: «Դա պետք է լինի գաղափարական պայքար, ծրագրի պայքար և ոչ թե թշնամանք սերմանի»,- ասաց նա՝ նշելով, որ եթե Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իրեն այսպես է պահում ընտրարշավի ընթացքում, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչպե՞ս է պահելու քվեարկության օրը:
Անի Քոչարն ասաց, որ չի կարող հարց չտալ այն մարդկանց, ովքեր ընտրակաշառք են վերցնում՝ ինչպե՞ս են նայելու իրենց երեխաների աչքերին, երբ մի քանի կոպեկով վաճառում են իրենց ընտրության իրավունքը:
«Ես ցանկանում եմ, որ այն մարդիկ, ովքեր կաշառք են վերցնում և ձայնի իրավունք են վաճառում, նրանք այլևս որևէ բան չեն կարող պահանջել, պահանջատեր լինել այս երկրի համար»,- ասաց Անի Քոչարը և խնդրեց անտարբեր չլինել այն մարդկանց նկատմամբ, որոնք կաշառք են վերցնում և չեն գիտակցում, թե ինչ են անում։
«Եվ յուրաքանչյուր գումարվող ձայնը դառնում է ամբողջություն: Կո՛չ արեք նրանց, թող ընտրեն ըստ խղճի: Եվ իրենց ձայնը տան այն քաղաքական ուժին, ում հավատում են, բայց չվաճառեն այդ ձայնը»,- ասաց նա։
Անի Քոչարը նաև նշեց, որ բոլոր ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն և պետք է պայքարեն: «Որովհետև մենք վաղը երկիր ենք թողնելու մեր երեխաներին: Ես կամաչեմ, եթե իմ երեխային թողնեմ վատ երկիր, վատ իրականություն: Եվ եթե մեզնից յուրաքանչյուրը չվախենա պայքարել, չվախենա իր աշխատավայրում իր ձայնը բարձրացնել,իր կեցվածքը դրսևորել,մենք կունենանք մի փոքր ավելի լավ Երևան»,- ասաց նա։










