Intel-ը «հակաանձրևային» լուսարձակներ կստեղծի
Գիշերային անձրևը վարորդների համար ամենատհաճ երևույթներից է. լուսարձակների լույսը արտացոլվում է ջրի կաթիլներից և կարող է զգալիորեն նվազեցնել տեսանելիությունը: Intel ընկերության մասնագետները նոր խոսքով են հանդես եկել ավտոմոբիլային աշխարհում՝ քայլեր ձեռնարկելով բարձր ճշգրտության հատուկ տեսախցիկների համալրմամբ լուսարձակների ստեղծման ուղղությամբ, գրում է auto.vesti.ru-ն:
Անձրևի ժամանակ վարորդներին հստակ տեսանելիություն ապահովելու համար ընկերությունում պատրաստվում են «սովորեցնել» օպտիկային խուսափել անձրևի կաթիլներից, ինչի համար անհրաժեշտ է լուսարձակների մեջ տեղադրել բարձր ճշգրտության հատուկ տեսախցիկներ, որոնք թույլ կտան ոչ միայն հետևել անձրևի կաթիլի ընկնելուն, այլև էլեկտրական «ուղեղի» շնորհիվ կկարողանան գուշակել դրանց հետագա հետագիծը:
Իմանալով, թե որտեղ է հայտնվելու անձրի ամեն մի կաթիլը հաջորդ պահին՝ էլեկտրոնիկան կկարողանա լուսարձակի տարբեր լուսային մասերն այնպես կառավարել, որ լույսի ճառագայթները չընկնեն ջրի կաթիլների վրա:
Ընկերության մասնագետները վստահ են, որ այդ նույն մեխանիզմը արդյունավետ կլինի ձյան կամ կարկուտի պարագայում: Դեռևս այս գաղափարի հեղինակներն իրենք չեն համարձակվում կանխատեսել, թե երբ այդ մեխանիզմը կհայտնվի սերիական արտադրության մեքենաներում: Համեստ հաշվարկներով՝ այս «հակաանձրևային» օպտիկայի իրագործման համար անհրաժեշտ կլինի 10 տարուց ոչ քիչ ժամանակ, քանի որ տեսախցիկների և տեղեկատվության մշակման՝ բարձր արագությամբ աշխատող սարքերի ստեղծումից բացի անհրաժեշտ կլինի արդիականացնել նաև լուսարձակները:










