Ռուսաստանն ԱՄՆ-ի տիեզերագնացներին ՄՏԿ հասցնելու համար 70.6 մլն դոլար է պահանջում՝ 1 նստատեղի դիմաց
ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալությունը (ՆԱՍԱ) ռուսական կողմի հետ կնքված նոր պայմանագրի համաձայն ստիպված է 424 մլն դոլար վճարել Ռուսաստանին՝ ամերիկացի տիեզերագնացներին Միջազգային տիեզերակայան տեղափոխելու համար։
Ինչպես նշում է FoxNews-ը, ՆԱՍԱ-ի ղեկավարը հավելյալ ծախսերի համար մեղադրում է Կոնգրեսին։ Գործակալության ադմինիստրատոր Չարլզ Բոլդենը նշել է, որ եթե Կոնգրեսը հավանության արժանացներ իրենց ներկայացրած պահանջը՝ գործակալությանը տրամադրվող գումարների ավելացման վերաբերյալ, ապա ռուսական կողմի հետ այս պայմանագրի կարիքը չէր զգացվի։
Նա կոչ է արել Կոնգրեսին 2014թ. բյուջեի հաստատման ժամանակ կողմ քվեարկել ՆԱՍԱ-ին 821 մլն դոլար հատկացնելու նախագծին, ինչը հնարավորություն կտա ազատվել «թանկ» համագործակցությունից։
Այժմ ՆԱՍԱ-ն մեկ նստատեղի դիմաց պետք է վճարի 70.6 մլն դոլար՝ նախկին 65 մլն փոխարեն։ 424 մլն դոլարի դիմաց ռուսական «Սոյուզ» հրթիռն ապահովում է 6 տիեզերագնացների տեղափոխումը Միջազգային տիեզերակայան, ինչպես նաև նրանց թրեյնինգը 2016-17 թթ. ընթացքում։
Ներկայում Ռուսաստանն է ապահովում տիեզերագնացներին տիեզերակայան հասցնելու և ետ բերելու միակ ճանապարհը։ Այս ծառայությունների համար անհրաժեշտ տոմսերի գներն ամեն անգամ աճ են արձանագրում՝ նոր պայմանագրերի հետ զուգահեռ։ Մի շարք ամերիկյան ընկերություններ այժմ փորձում են ստեղծել համապատասխան հրթիռներ ամերիկացիներին սեփական հողից տիեզերք ուղարկելու համար, սակայն դրա համար տարիներ կպահանջվեն։










