Բենու. ամենավտանգավոր աստերոիդի համար անուն է ընտրվել
Երկիր մոլորակի համար ամենամեծ վտանգը ներկայացնող 1999 RQ36 աստերոիդը տարբեր երկրների աշակերտների շրջանում անցկացված մրցույթի արդյունքում ստացել է Բենու անվանումը՝ ի պատիվ ձկնկուլի գլխով հին եգիպտական աստծո, որը մարմնավորում է Օզիրիսի հոգին։
Ինչպես հայտնում է Взгляд-ը, 2016թ. դեպի 500 մ երկարությամբ աստղակերպ կուղարկվի OSIRIS-REx սարքը, որն այնտեղից ուսումնասիրությունների համար նմուշներ կբերի Երկիր։
Մրցույթի շրջանակներում ստացվել է 8 հազարից ավելի տարբերակ՝ աշխարհի 25 երկրից։ Արդյունքում Միջազգային աստղագիտական միության Արեգակնային համակարգի տիեզերական փոքր մարմինների անվանումների հարցերով հանձնաժողովը նախապատվությունը տվել է Հյուսիսային Կառոլինայից Մայքլ Պյուզոյի Բենու տարբերակին։
Մասնագետները նշել են, որ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի գիտնականների կողմից բացահայտված աստերոիդը Երկրին կմոտենա 2182 թ.՝ լուրջ վտանգ ներկայացնելով մեր մոլորակի համար։










