ՀՊՃՀ–ում կայացել է «ԱրմՌոբոտիքս»-ի ցուցադրության հերթական մրցույթը (լուսանկարներ)

16:15 • 03.05.13

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում այսօր կայացել է ռոբոտների ցուցադրության հերթական մրցույթը, որ նախաձեռնել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որոնք շարունակում են խրախուսել հեռանկարային ոլորտում հետաքրքրություն և ձիրք դրսևորող երիտասարդներին։


Միջոցառմանը ներկայացվել են ֆունկցիոնալ ամենատարբեր նշանակության մոդելներ: Մասնավորապես`ԱՄՆ-ում հատուկ մրցանակի արժանացած «Այբ» ավագ դպրոցի ռոբոտատեխնիկայի խմբակի սաները ցուցադրել են հրշեջ ռոբոտ, գծին հետևող ու ական փնտրող ռոբոտներ, ինչպես նաև ֆրեզերային հաստոցի ղեկավարման ուժային էլեկտրոնիկայի սխեմա:


Պոլիտեխնիկի հենակետային վարժարանի սաները ներկայացրել են տորթ կտրող ռոբոտ, կամուրջ անցնող և մուկ որսացող ռոբոտ: «Նաիրի» կրթական կոնսորցիումը ցուցադրել է եռաչափ տպիչ և խառատային հաստոց, իսկ «Սայմոտեկ» ընկերությունը` ուսումնական ռոբոտի կոմպլեկտը, որը փորձնական ծրագրի շրջանակում ռոբոտաշինության խմբակներ ստեղծելու նպատակով հատկացվելու է Հայաստանի 50 համայնքի:


Հայաստանում ռոբոտաշինության զարգացմանը նպաստելու և նոր կազմակերպություններ ստեղծելու նպատակով, «ԱրմՌոբոտիքս»-ի շրջանակում այս տարի նախատեսված է իրականացնել «Ռոբոտներն՝ առօրյայում» գաղափարների մրցույթ:


Դրան մասնակցել ցանկացողները պետք է գրանցվեն, իրենց գաղափարները վերածեն ինժեներական նախագծերի և ներկայացնեն դրանք մրցույթի ժյուրիին: Լավագույնը ճանաչված նախագծերի հեղինակները հետագայում հնարավորություն կունենան պատրաստելու իրենց իսկ առաջարկած ռոբոտը:


«ԱրմՌոբոտիքս»-ի կազմակերպիչն է ԻՏՁՄ–ը, գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, տեխնիկական հովանավորը` «Արթին Վարուժան» ընկերությունը: Դպրոցական խմբակների ծրագրի գործընկերներն են «Խրոնիմետ» բարեգործական հիմնադրամը, «Վորլդ Վիժն Հայաստան»-ը և «Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստան»-ը:

 


 

ՀՊՃՀ–ում կայացել է «ԱրմՌոբոտիքս»-ի ցուցադրության հերթական մրցույթը (լուսանկարներ)