ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի, Իսրայելի և Մեծ Բրիտանիայի ունեցած մարդասպան ռոբոտների առնչությամբ
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովն իր հրապարակած վերջին զեկույցում լուրջ անհանգստություն է հայտնել այն առնչությամբ, որ ԱՄՆ-ն, Իսրայելն ու Մեծ Բրիտանիան իրենց զինանոցներում ունեն մարդասպան ռոբոտներ, որոնք վտանգ են ներկայացնում մարդկության համար։
Ինչպես նշում է Daily Mail-ը, ՄԱԿ-ի հրապարակած զեկույցում կոչ է արվում արգելք սահմանել ամբողջ աշխարհում մարդասպան ռոբոտների օգտագործման համար, քանի դեռ միջազգային համաժողով չի գումարվել և դրանց օգտագործման կանոնները չեն մշակվել։
Փաստաթղթում հստակեցվում է, որ մարդասպան ռոբոտներ ասելով՝ պետք է հասկանալ կիսաավտոմատ զինատեսակներ, որոնք կարող են սպանել մարդու՝ առանց նախապես հրահանգի։ Մարդասպան ռոբոտներն այնպես են ծրագրավորված, որ ինքնուրույն են հարձակվելու որոշում կայացնում՝ չսպասելով մարդու կողմից հրահանգի։
Զեկույցում նշվում է, որ բացի թվարկված երկրներից՝ նմանատիպ զենքեր ունեն նաև Հարավային Կորեան ու Ճապոնիան։
Զեկույցի հեղինակ Քրիստոֆ Հեյնսը նշել է, որ, համապատասխան միջոցառումներ չկիրառելու դեպքում, բազմաթիվ գիտաֆանտաստիկ գրքերի ու ֆիլմերի անհավանական սցենարները, երբ ռոբոտների ձեռքերում են հայտնվում մարդկության դեմ կիրառվող մահացու զենքեր, կարող են իրականություն դառնալ։.










