Սիրիացի հաքերները Ջասթին Բիբերին «երկնագույն» են «դարձրել»
«Սիրիական էլեկտրոնային բանակի» հաքերները կոտրել են Twitter-ում E! Online պորտալի աքաունթը՝ կեղծ հղումներ տարածելով սայթին, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Daily Mail-ին։ Մասնավորապես՝ այս հղումներով հաղորդագրություններում նշվել է, թե իբր կանադացի երգիչ Ջասթին Բիբերը խոստովանել է, որ «երկնագույն» է։
Դրան հաջորդել է իբր նրա նախկին ընկերուհի Սելենա Գոմեսի մեջբերմամբ մի գրառում, որում նա «լիովին աջակցում է» Բիբերի՝ իրական սեռական կողմնորոշման մասին հայտարարելու մասին որոշմանը։
Ավելի ուշ տարածվել է հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլիի «հարցազրույցից մի հատվածի» մասին թվիթ, որտեղ նա մեղադրել է Հորդանանի իշխանություններին սիրիացի փախստականներին «սարսափելի պայմաններում» պահելու համար։ Ընդամենը մեկ ժամ անց հայտնվել է հերթական հաղորդագրությունը, որտեղ հաքերները խոստովանել են կոտրման փաստը և ստանձնել կատարվածի պատասխանատվությունը։
Դրանից հետո E! Online-ը վերադարձրել է իր միկրոբլոգի նկատմամբ վերահսկողությունը։
Ի դեպ, հաքերները կոտրել են նաև լրատվական պորտալի SMS համակարգը՝ մի քանի վիրավորական հաղորդագրություն տարածելով, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մասին։










