Բիլ Գեյթսը դարձել է ամենից շատ ընթերցվող միլիարդատերը Twitter-ում
The Wall Street Journal պարբերականը հրապարակել է Twitter-ում ամենից շատ հետևողներ ունեցող միլիարդատերերի ցուցակը, որը գլխավորել է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը, ով 2013-ի տվյալներով երկրագնդի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցրել է երկրորդ տեղը (67 մլրդ դոլար), տեղեկացնում է Forbes-ը:
Գործարարի Twitter-ի էջին, որը ստեղծվել է 2009-ին, հետևում են 11.1 մլն օգտատերեր: Ընդհանուր առմամբ, Բիլ Գեյթսն իր էջում հրապարակել է 850 հաղորդագրություն:
Երկրորդ տեղում է Նյու Յորքի քաղաքապետ Մայք Բլումբերգը, ով 13-րդն է 2013-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում (27 մլրդ դոլար): Նրա էջին հետևում են 484 հզ ընթերցողներ: 2008-ին Twitter-ում գրանցվելուց ի վեր նա 5 հզ հաղորդագրություն է հրապարակել: Երրորդ տեղում է գտնվում Berkshire Hathaway-ի ղեկավար միլիարդատեր Ուորեն Բաֆֆեթը, ով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում 4-րդն է՝ 53.5 մլրդ դոլարով: Նրան հետևում են 370.5 հզ մարդ՝ չնայած, որ նա գրանցվել է 2013-ի ապրիլի 19-ին և այս ընթացքում միայն երկու հաղորդագրություն է գրառել:
Dell ընկերության հիմնադիր-ղեկավար միլիարդատեր Մայքլ Սոուլ Դելլը, ով 49-րդն է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ 15.3 մլրդ դոլարով, պարբերականի հրապարակած ցուցակում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը: Նրան 2009-ից ի վեր հետևում են 65 հզ մարդ, նրա կատարած գրառումների քանակը 1422-ն է:
Oracle ընկերության ղեկավար միլիարդատեր Լարրի Էլիսոնի էջին, ով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում 5-րդն է՝ 43 մլրդ դոլարով, հետևում են 37 հզ մարդ: Նա, 2012-ի մայիսին գրանցվելով միկրոբլոգում, միայն մեկ հաղորդագրություն է գրել:










