Բիլ Գեյթսը քննադատել է Apple ընկերության պլանշետները

19:33 • 07.05.13

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը, հարցազրույց տալով CNBC հեռուստաալիքին, քննադատել է iPad-ը՝ տեքստեր հավաքելու անհարմարության և Office-ի ծրագրային փաթեթի բացակայության համար: Որպես այլընտրանք Գեյթսն առաջարկել է Windows 8-ի պլանշետները, գրում է Russia Today-ը՝ CNet պարբերականին հղումով:


«Windows 8-ով Microsoft-ը փորձում է գրավել շուկան, որտեղ այսօր գերակշռում են iPad-ները: Սակայն բազմաթիվ հաճախորդներ հուսախաբ են եղել. նրանք չեն կարողանում տեքստեր հավաքել և փաստաթղթեր ստեղծել, մինչդեռ մենք փորձում ենք մարդկանց առաջարկել մի սարք, որը կհամատեղի պլանշետի հարմարավետությունն ու անհատական համակարգիչների գործառույթները»,- հայտնել է Գեյթսը:


Վերջերս հայտնի դարձավ, որ Microsoft-ը մշակում է 18 սմ անկյունագծով նոր մինի-պլանշետ: Նմանատիպ սարքավորում անցյալ տարի թողարկել էր Apple-ը: Այս կերպ Բիլ Գեյթսը մտադիր է ամրապնդել Microsoft ընկերության դիրքերը պլանշետային համակարգիչների շուկայում:


Ներկայում Windows 8-ի վրա հիմնված բջջային սարքավորումները զիջում են Android և iOS օպերացիոն համակարգերով սարքերին: Փորձագետների վերլուծությամբ, քանի որ պլանշետային շուկան գերհագեցած է, Microsoft-ը կփորձի գրավել մինի-պլանշետների շուկան:
 

Բիլ Գեյթսը քննադատել է Apple ընկերության պլանշետները