Ներդրողները Nokia-ից պահանջում են Android համակարգով սմարթֆոն թողարկել
Nokia-ի բաժնետերերը քննադատել են ֆիննական ընկերության՝ Android պլատֆորմի վրա սմարթֆոններ չթողարկելու քաղաքականությունը, հաղորդում է Reuters գործակալությունը: Իրենց կարծիքով այս հանգամանքը Nokian-ին թույլ չի տալիս սմարթֆոնների շուկայում մրցակցել Apple-ի և Samsung-ի հետ:
Բաժնետերերի նախորդ ամենամյա հանդիպման ժամանակ ներդրողները քննադատության են ենթարկել Nokia-ի ղեկավար Սթիվեն Էլոպի քաղաքականությունը՝ կապված 2011թ. նրա որոշման հետ, ըստ որի սմարթֆոնները սկսել են թողարկվել Microsoft-ի պլատֆորմի վրա:
Սեփական պլատֆորմից՝ Symbian-ից անցումը Microsoft-ի Windows Phone համակարգի պետք է տեղի ունենար 2 տարվա ընթացքում: Այս ժամկետն ավարտվել էր բաժնետերերի այս ժողովի ժամանակ: Չնայած վերջին ժամանակներում Windows Phone 8 օպերացիոն համակարգով Nokia-ի Lumia շարքի վաճառքներն ավելացել էին, այնուամենայնիվ ընկերությունը զգալիորեն հետ է մնում մրցակից Apple-ից և Samsung-ից:
2013թ. առաջին եռամսյակում Nokia-ն վաճառել է 5.6 մլն Lumia սմարթֆոն այն դեպքում, երբ նախորդ եռամսյակում այդ ցուցանիշը 4.4 մլն էր: Այնուհանդերձ ներկայում Nokia-ի սմարթֆոնների վաճառքի ծավալը կազմում է շուկայի մոտ 5 %, իսկ Apple-ը և Samsung-ը զբաղեցնում են շուկայի ավելի քան 50 %-ը:










