Բրազիլացի գիտնականներն Ատլանտիդայի «ապացույցներ» են գտել

15:43 • 08.05.13

Բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքի ափից 1.500 կմ հեռավորության վրա գիտնականները հայտնաբերել են քարեր ու ժայռաբեկորներ, որոնք, ըստ մասնագետների, պատկանում են միլիոնավոր տարիներ առաջ ջրի տակն անցած Ատլանտիդա մայրցամաքին։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, Բրազիլիայի երկրաբանական ծառայության կողմից հայտնաբերված գրանիտե նմուշները, գիտնականների կարծիքով, Ատլանտյան օվկիանոսի հատակն են անցել 100 մլն տարի առաջ, երբ Աֆրիկան ու Հարավային Ամերիկան իրարից բաժանվել են։

 

Նմուշները ցամաք են հանվել օվկիանոսի հատակին 2 տարի տևած ուսումնասիրությունների արդյունքում։
Բրազիլիայի երկրաբանական ծառայության ղեկավար Ռոբերտո Վենտուրա Սանտոսն այս կապակցությամբ նշել է.«Մենք գրեթե համոզված ենք, որ սա Ատլանտիդան է, սակայն կշարունակենք այս տեսակետի գիտական ապացույցների որոնումը»։ Նա նաև ասել է, որ վերջնական պատասխանը հայտնի կլինի այս տարի։

 

Ատլանտիդա լեգենդար մայրցամաքի մասին առաջին հիշատակումն արել է հին հույն փիլիսոփա Պլատոնը, ով այն ներկայացնում է որպես «աներևակայելի հարուստ ու խիտ բնակեցված մի պետություն»։ Ըստ Պլատոնի՝ Ատլանտիդան խոշոր բնական աղետի հետևանքով ջրի տակ է անցել ընդամենը մեկ օրում։
 

Բրազիլացի գիտնականներն Ատլանտիդայի «ապացույցներ» են գտել