78.000 մարդ դիմում է ներկայացրել Երկիր մոլորակն ընդմիշտ լքելու և Մարսի վրա բնակություն հաստատելու համար
Երկրի հազարավոր բնակիչներ ցանկանում են ընդմիշտ լքել մեր մոլորակը և նոր կյանք սկսել Մարսի վրա: Կարմիր մոլորակի առաջին բնակիչները դառնալու համար արդեն 78 հզ մարդ է դիմել Mars One իռլանդական կազմակերպությանը, որը սկսել է դիմումներ ընդունել ապրիլի 22-ից, հայտնում է science.nbcnews-ը:
Mars One կազմակերպությունը մտադիր է 2023-ին Կարմիր մոլորակ ուղարկել չորս հոգու որպես առաջին բնակիչներ՝ այնուհետև երկու տարին մեկ այնտեղ ուղարկելով տիեզերագնացների նոր խմբեր:
Mars One-ի գործադիր տնօրեն և համահիմնադիր Բաս Լենսդորփը հայտնել է. «78000 դիմում է ներկայացվել երկու շաբաթում, և այդ ցուցանիշը մեզ թույլ է տալիս ենթադրել, որ կարող ենք իրականացնել մեր նպատակը՝ հավաքելով կես միլիոն թեկնածուների»:
Mars One-ը 2023-ին չորս բնակիչների ուղևորությունը դեպի Մարս գնահատում է շուրջ 6 մլրդ դոլար: Կազմակերպիչները մտադիր են այդ գումարը ձեռք բերել՝ նկարահանելով համաշխարհային հեռուստատեսային ռեալիթի շոու, որի ժամանակ կցուցադրվեն առաքելության իրագործման բոլոր փուլերը՝ սկսած տիեզերագնացների ընտրությունից, մինչ նոր բնակիչների առաջին տարիների կյանքը Մարսի վրա:
Հիշեցնենք, որ դիմումների ընդունման ժամկետը կտևի մինչև օգոստոսի 31-ը: Դիմել կարող է 18 տարին լրացած ցանկացած անձ՝ Mars One-ի կայքում տեղադրելով 1 րոպե տևողությամբ տեսահոլովակ, որտեղ կներկայացնի, թե ինչու է ցանկանում մեկնել Կարմիր մոլորակ: Դիմում ներկայացնելու համար սահմանված վարձը կազմում է 5-75 ԱՄՆ դոլար՝ պայմանավորված այն հանգամանքով, թե որքան հարուստ է դիմողի երկիրը: Օրինակ, ԱՄՆ-ի քաղաքացիների համար սահմանված վարձի չափը 38 դոլար է:
Դիմումների ընդունման գործընթացի ավարտին տեսաբանները կառանձնացնեն 50-100 թեկնածուների, իսկ 2015-ին այդ թիվը կնվազեցվի մինչև 28-40-ի, որոնք էլ կբաժանվեն չորս խմբերի, և ընտրված թեկնածուների հետ վերապատրաստական աշխատանքներ կտարվեն շուրջ 7 տարի, հայտնում են պաշտոնյաները:
Դիմումները ներկայացված են applicants.mars-one.com կայքում:










