Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում քննարկել են ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի աղմկահարույց «Քարե երազները»

23:11 • 11.05.13

Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ինստիտուտում տեղի են ունեցել քննարկումներ ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գրքի վերաբերյալ, հայտնում է contact.az-ը և հիշեցնում, որ Այլիսլիի գրքիի հերոսը դատապարտում է Ղարաբաղյան հակամարտության սկզբին Բաքվում հայերի նկատմամբ տեղի ունեցած բռնի գործողությունները և գրողի հայրենի գյուղում 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած ազգամիջյան բախումները:  Կայքը նկատում է, որ ադրբեջանցի գրողի գիրքը թշնամաբար է ընդունվել իր հայրենիքում, շատերը դատապարել են նրան միակողմանի մոտեցման և հայերի կողմից ադրբեջանցիների հանդեպ իրականացված հանցագրծությունները չլուսաբանելու մեջ: Այլիսլիին զրկել են ժողովրդական գրողի կոչումից և նախագահական թոշակից:

 

Ջորջթաունի համալսարանի պատմության ֆակուլտետի դասախոս Միկաիլ Մամեդովը նշել է, որ Այլիսլիի ստեղծագործությունը Ադրբեջանում լուրջ բողոքի առիթ է դարձել: Նա կարծիք է հայտնել, որ եթե նմանատիպ քայլեր ձեռնարկի նաև հայկական կողմը, ապա դա կնպաստի խաղաղ գործընթացի զարգացմանը:

 
Ադրբեջանցի քաղաքագետ Ուլվի Իսմայիլը նշել է, որ Այլիսլին հայտնի է նաև Ադրբեջանի սահմաններից դուրս: Նրա գրքերը թարգմանվել են Արևելյան Եվրոպայի երկրների լեզուներով, իսկ դրանց հիման վրա ֆիլմեր են նկարահանվել և ներկայացումներ բեմադրվել:

 

Իր կարծիքն է հայտնել նաև հայազգի փորձագետ Արսեն Խառատյանն, ով հայտնել է, որ չնայած հասարակության բացասական վերաբերմունքին, Այլիսլիի գիրքը հեռանկարային է և օգտակար կլինի ապագայում: Արսեն Խառատյանը նշել է, որ «Քարե երազները» ոչ թե պատմական, այլ գեղարվեստական ստեղծագործություն է:

 

Հայ փորձագետը նաև ավելացրել է, որ Այլիսսլիի նման գրողների առկայությունը երկու հասարակություններում էլ կնպաստի երկու երկրների միջև հանդուրժողականությանը:
 

Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում քննարկել են ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի աղմկահարույց «Քարե երազները»