Կարկուտը վնասել է խաղողի այգիները. ալաշկերտցիները փակել են ճանապարհը, մարզպետին «շրջափակել» և սպասում են գյուղնախարարին

18:15 • 12.05.13

Շուրջ 40 րոպե տեղացող կարկուտն ավերել է Հոկտեմբերյանի գյուղերի խաղողի այգիները, ինչից տագնապած Ալաշկերտ գյուղի բնակիչներն այս պահին հավաքվել են և փակել գլխավոր մայրուղին: Բորբոքված գյուղացիների պահանջով Ալաշկերտ է շտապել նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: 

 

Tert.am-ի հետ զրույցում ալաշկերտցի Գևորգը նշեց, որ 100-ից ավելի գյուղացիներ պահանջում են մարզպետից, որ նախարարի հետ միասին պատասխանի, թե ինչ է լինելու իրենց վիճակը:

 

«Բոլորը հավաքվել՝ սպասում են գյուղանախարարին, ճանապարհը փակել, կանգնել են: Մարզպետն էլ այս պահին այստեղ է, բայց չգիտեմ, ոչ մի ռեալ լուծում չկա: Ասում ա ճանապարհ տվեք գնամ հարցերը լուծեմ, բայց ժողովուրդը վրդովված է՝ ոչ մեկ մյուսի չի լսում, ահավոր վիճակ ա, ջղայնացած են, սպասում են գյուղնախարարին»,- ասաց Գևորգը:

 

Նա նշեց, որ գյուղում մի կարկտակայան կա, ինչը սակայն ոչ մի օգուտ չի տվել:  «Ահավոր կարկուտ է եկել, գյուղացիների բերքը վնասել է: Մի հատ կարկտային կայան է եղել, բայց ոչ մի օգուտ չի տվել, ինչ կա՝ վնասել է, գյուղացիքի ապրուստն ավերվել է»,-կրկնեց նա:

 

Նա նաև տեղեկացրեց, որ ոչ միայն Ալաշկերտի այգիներն են վնասվել, այլ նաև մոտակա գյուղերինը՝ Արևիկը, Մրգաշատը և այլ գյուղեր, որոնց բնակիչները նույնպես լսել են, որ ալաշկերտցիները բողոքի են դուրս եկել, եկել՝ միացել են նրանց:

 

«Բոլոր գյուղերից եկել են, իմացել են, որ դուրս ենք եկել, եկել են»,-ասաց նա:


Իսկ հարցին, թե պահանջը որն է՝ Գևորգը պատասխանեց. «Գան՝ գոնե տեսնեն, նկարեն, որ իմանան, ինչ վիճակ ա»: