Google կթույլատրի գումարային փոխանցումներ կատարել Gmail-ի միջոցով (տեսանյութ)
Google Gmail-ի օգտատերերին կթույլատրի գումարային փոխանցումներ կատարել էլեկտրոնային փոստի միջոցով, գրում է forbes-ը:
Թվային համակարգում վճարում կատարելն անքան էլ հեշտ չէ: Ոլորտի առաջատարներից մեկը՝ Paypal վճարային համակարգն, իր օգտատերերից պահանջում է հաշիվ ունենալ Paypal համակարգում: Իսկ Venmo բջջային հավելվածի օգտատերերը հաշիվ ունենալուց բացի պետք է նաև ներբեռնեն այդ հավելվածը:
Google Wallet բջջային վճարային համակարգը, ասպարեզ գալով երկու տարի առաջ, արեց ամեն ինչ, որպեսզի անլար կապի և հեռախոսի արտադրողները տեղադրեն NFC (near-field communication) տեխնոլոգիան, որը հնարավորություն էր ընձեռում Android համակարգի որոշ օգտատերերին վճարում կատարել իրենց հեռախոսի միջոցով:
Այժմ Google-ը հայտարարել է, որ կթույլատրի Gmail-ի օգտատերերին էլեկտրոնային նամակներին լուսանկարից կամ սովորական փաստաթղթից բացի նաև գումար կցել, ինչպես ցույց է տրվում տեսանյութում:
Այն օգտատերերը, որոնք իրենց բանկային հաշիվները կկցեն Google Wallet-ին, կկարողանան վճարային գործարքները կատարել անվճար: Իսկ նրանք, ովքեր վճարումներ կկատարեն դեբետ կամ կրեդիտ քարտերի միջոցով, գործարքի իրականացման համար կվճարեն գործարքի 2.9 տոկոսը: Գումարային փոխանցումներ հնարավոր կլինի կատարել մինչև 10000 դոլարի չափով: Google-ից հայտնում են, որ այս ծառայությունը աստիճանաբար հասանելի կդառնա Gmail-ի օգտատերերի համար:










