Ծովում կործանվել է իսրայելական անօդաչու թռչող սարք՝ անսարքության պատճառով
Իսրայելի ռազմաօդային ուժերը նախորդ գիշեր կորցրել են «Շովալ» տեսակի ամենակատարյալ անօդաչու թռչող սարքերից մեկը: Պարեկային թռիչքից հետո այն Միջերկրական ծովն է ընկել Թել Ավիվ և Նեթանիա քաղաքների միջև գտնվող տարածաշրջանում, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Ինչպես հաղորդել են զինվորականները, անօդաչու թռչող սարքի անկումը վերահսկվել է օպերատորների կողմից: Այն բանից հետո, երբ նրանք շարժիչի աշխատանքի խափանում են նկատել, որոշվել է այն ոչնչացնել ծովում՝ խուսափելով ավելի լուրջ հետևանքներից, քանի որ այն կարող էր չհասնել կայանին և ընկնել խիտ բնակեցված տարածքում: Սարքի մնացորդները որոնելու աշխատանքներին միացել են նաև ռազմածովային ուժերին պատկանող նավերն ու ուղղաթիռները:
Վերջին մեկ ամսվա ընթացքում սա առաջին դեպքը չէ, երբ Իսրայելի ռազմական ուժերը անօդաչու թռչող սարք են կորցնում: Գազայի հատվածում 10 օր առաջ տեխնիկական անսարքության հետևանքով կործանվել է ևս մեկ փոքր չափսերի անօդաչու թռչող սարք:










