Anonymous-ը հարձակման է ենթարկել Հյուսիսային Կորեայի մի շարք կայքեր
Ցանցահենների միջազգային Anonymous խմբավորումը հայտարարել է Հյուսիսային Կորեայի կայքերի վրա հերթական հարձակման մասին, տեղեկացնում է rosbalt.ru-ն։
Սոցիալական ցանցերից մեկում ցանցահենները գրել են, որ իրենց հաջողվել է կոտրել «Կորեայի ձայն» ռադիոկայանի կայքը։ Նրանք կայքի գլխավոր էջում տեղադրել են իրենց տարբերանշանն ու «Hacked» գրությունը։
Կիբեռհանցագործները նաև հարձակման են ենթարկել քարոզչական uriminzokkiri.com ու Կենտրոնական հեռագրային գործակալության կայքերը, սակայն հայտնի չէ՝ արդյոք հարձակումը հաջողությամբ է իրականացվել։
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին հարձակման էին ենթարկվել Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության էջերը Twitter և Flickr ցանցերում։
Flickr-ում ցանցահենները տեղադրել էին երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի լուսանկարը՝ Միկի Մաուսի կերպարանքով և խոզի դնչով՝ քթի փոխարեն։ Էջում նաև գրություն էր հայտնվել այն մասին, որ նա աշխարհին սպառնում է միջուկային զենքով և դրա վրա գումարներ է ծախսում այն ժամանակ, երբ նրա ժողովուրդը մահանում է սովից։










